Իրավաբան. Տիրան Խաչատրյանի հայցի վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի կողմից վարչական դատարան դիմելուն, գրել է.
«Առավոտից տարատեսակ մեկնաբանություններ են հնչում Հանրապետության նախագահի 24.02.2021 թվականի «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցի շրջանակներում հայցի ապահովման միջոց կիրառել/չկիրառելու հարցի շուրջ։
03․03․2021 թվականին Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վերջինիս 24.02.2021 թվականի ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Դատարանի 10․03․2021 թվականին որոշմամբ հայցն ընդունվել է վարույթ։
Տ․ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցը Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի իմաստով համարվում է վիճարկման հայց, որի շրջանակում հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (այս պարագայում ՆՀ-25-Ա հրամանագիրը)։
Ինչ վերաբերում է հրամանագրի գործողության կասեցմանը, ապա այն կասեցվում է իրավունքի ուժով: Համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Քանի որ առերևույթ բացակայում են Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված բացառիկ հիմքերը, ապա վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար և որևէ լրացուցիչ որոշման կամ դիրքորոշման կարիք չկա:
Դատարանը հավելյալ որոշում կկայացներ միայն այն դեպքում, երբ առկա լինեին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկը, որը արգելք կլիներ ակտի կասեցման համար»։
Առավոտից տարատեսակ մեկնաբանություններ են հնչում Հանրապետության նախագահի 24.02.2021 թվականի «Տիրան Խաչատրյանին Հայաստանի...
Опубликовано Robert Hayrapetyan Четверг, 11 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ավետիքյան. Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից
- Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իր ազատման հրամանագիրն անավավեր ճանաչելու պահանջով
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները