Կարանտին, դիմակներ, փակ սահմաններ. ինչպե՞ս կորոնավիրուսը փոխեց աշխարհը
Կորոնավիրուսի համաճարակը ծանր հարված է հասցրել մոլորակի վրա միլիարդավոր մարդկանց բնականոն կյանքին, որոնք ստիպված էին փակված մնալ իրենց երկրի, հաճախ նաև տան պատերի ներսում։
«ՏԱՍՍ»-ը ներկայացրել է՝ ինչպիսին է եղել նախորդ մեկ տարին՝ պայմանավորված կորոնավիրուսով։
Մարդիկ կորցրել են ճանապարհորդելու, թանգարաններ ու թատրոններ այցելելու, մարզադաշտեր ու մարզադահլիճներ այցելելու, ընկերների հետ սրճարաններում և անգամ տանը ժամանակ անցկացնելու հնարավորությունը։ Իհարկե, սա սահմանափակումների ամբողջական ցանկը չէ։
Փակ սահմաններ
Արտաքին սահմանների փակումը, ներառյալ օդային, ցամաքային և ծովային, ամենատարածված միջոցներից մեկն էր, որը նախատեսված էր՝ վարակի մուտքը կանխելու համար։ Չինաստանից հետո, փետրվար ամսին առաջինը Վիետնամը փակեց իր սահմանները, իսկ մինչև մարտ՝ արդեն մոտ հարյուր երկիր արգելեց իր տարածք մուտքը:
Սահմանների փակումը ուղեկցվեց միջազգային ուղևորափոխադրումների գրեթե լիակատար դադարեցմամբ։ Բացառիկ օրինակներից է Մեծ Բրտանիան, որը որոշեց բաց պահել իր սահմանները։ Այնուամենայնիվ, արտասահմանից ժամանած օտարերկրացիներից պահանջվում էր ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքները և կարանտինում մնալ որոշակի ժամանակահատված: Նմանատիպ սխեմա էր օգտագործել նաև Շվեյցարիան, որը պարբերաբար վերանայում էր այն պետությունների ցուցակը, որոնց քաղաքացիներին կարող էր թույլ տալ է մուտք գործել իր տարածք։
Մինչ օրս միջազգային ուղևորափոխադրումները ամբողջությամբ չեն վերականգնվել։ Բայց և այնպես, երկիր մուտք գործելու սահմանափակումները սովորաբար չեն վերաբերում երկրի քաղաքացիներին և նրանց, ովքեր կացության թույլտվություն ունեն։ Սահմանների փակման պատճառով արտերկիր զբոսաշրջային ուղևորությունները, ըստ էության, անհնարին են դարձել:
Կոշտ կարանտին
Չինաստանը, որն առաջինը դիմագրավեց կորոնավիրուսի բռնկմանը, առաջինը կիրառեց կոշտ կարանտինային մոդելը. այն ամբողջովին մեկուսացրեց էպիկենտրոնը Ուհանը, նվազագույնի հասցրեց ներքին տրանսպորտային կապերը, փակեց դպրոցներն ու համալսարանները, ձեռնարկություններն ու հաստատությունները և ներդրեց պարտադիր մեկուսացման ռեժիմ քաղաքացիների համար: Ավելի քան մեկ ամիս երկրում տնտեսական և սոցիալական կյանքը նվազագույնի էր հասցվել, բայց մարտի վերջին իշխանությունները հայտարարեցին, որ համաճարակը հաղթահարվում է: Հետագայում, կախված իրավիճակից, Չինաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ դիմում էին հատվածական սահմանափակումների, որոնք այլևս այդքան խիստ չէին:
ԱՄՆ-ում և Եվրոպայում չինական մոդելը քննադատության ենթարկվեց, բայց նրանք ստիպված եղան դիմել դրան, երբ սկսվեց վարակի արագ տարածումը: Այս ամենը բերեց նրան, որ տնտեսագետները սկսեցին ահազանգել անցյալ դարի 30-ականների Մեծ ճգնաժամից ի վեր ամենամեծ համաշխարհային տնտեսական անկման մասին։
Դիմակների պարտադիր կրում
Կորոնավիրուսային վարակի ի հայտ գալուն պես դիմակը դարձել է բոլորի կյանքի անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, դիմակների ռեժիմը տարբեր երկրներում տարբեր կերպ է գործում. որոշ երկրներում ամենուր պետք է պարտադիր դիմակ կրել։ Օրինակ, Իսպանիայի կամ Կալիֆոռնիայի լողափերում անգամ բաց երկնքի տակ են մարդիկ դիմակներով։ Որոշ երկրներում էլ դիմակ կրելը պարտադիր է միայն տրանսպորտում և խանութներում։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեպքերն աճել են 2%-ով. ԱՀԿ
- Առաջին կին տիեզերագնացը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ