Մենք պատրաստ ենք մեր օրակարգով ու ձևաչափով հանդիպում ունենալ նախագահի հետ. Սաղաթելյան
«Շարժումը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, արձանագրում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային ճգնաժամը, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ «Հայրենիքի փրկության շարժումը» վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապությունը, հայտնում ենք մեր պատրաստակամությունը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու՝ մեր նշած ձևաչափով։ Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ ԱԺ-ում, հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»,- ներկայացրեց շարժման հայտարարությունը Իշխան Սաղաթելյանը։
Նա մանրամասնեց՝ իրենք պատրաստ են իրենց օրակարգով ու իրենց նշած ձևաչափով հանդիպում ունենալ նախագահի հետ։
«Մենք ժողովրդի թիկունքում որևէ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չենք բերելու։ Այսինքն՝ մենք կարևորում ենք երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտությունը։ Բայց այդ հանդիպումը չպիտի լինի ձևական։ Եթե իրենց պետք է մի տեսարան, որտեղ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հետ ուղղակի մի սեղանի շուրջ նստած կլինի, ապա մենք այդ հաճույքը իրենց չենք պարգևելու»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի փրկության շարժումը չպետք է ընդունի նախագահի հրավերը. Գոհար Մելոյան
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր ժամը 17։00-ին՝ Բաղրամյան պողոտա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան