Թուրք դիվանագետի սպանության մեղադրանքով ցմահ դատապարտված Համբիկ Սասունյանին ներում կշնորհվի
Կալիֆորնիայի նահանգապետ նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենեակը նախօրեին Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին տեղեկացրել է, որ որոշած է նպաստել Համբիկ Սասունյանի ազատ արձակելու ջանքերին և դարձյալ չի ընդդիմանա Սասունյանին ազատ արձակելու՝ Բանտարկեալների ազատ արձակման խորհրդի հանձնարարականին։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
«Իսկապէս երախտապարտ ենք նահանգապետ Նիւսըմին եւ անոր գրասենեակին, որ մեզի հետ հաղորդակցութեան գիծերը բաց պահեց եւ անսաց մեր մտահոգութիւններուն ու հասաւ մարդասիրական այս որոշումին։ Անհամբեր ենք ականտես դառնալու Համբիկին` ուշացումով ազատ արձակուելուն», - հայտարարել է Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ իրավաբան Նորա Հովսեփյանը։
Ակնկալվում է, որ Համբիկ Սասունյանի ազատ արձակման գործընթացը կսկսվի առաջիկա մի քանի օրերին։
Նշվում է, որ նախորդ ամիս Լոս Անջելեսի Գերագույն ատյանը բեկանեց Սասունյանի ազատ արձակումը կասեցրած Նյուսոմի նախկին որոշումը՝ կամայական և ընթացակարգային կերպով թերի համարելով նահանգապետի որոշումը՝ միաժամանակ ընդունելով Սասունյանի փաստաբանների առարկությունը։
Հակառակ նրա, որ 2019թ․-ի դեկտեմբերին «Բանտարկեալների ազատ արձակման խորհուրդը հանձնարարել էր Համբիկ Սասունյանին ազատ արձակել, 2020թ․-ի մայիսին Նյուսոմը որոշել էր արգելակել Սասունյանի ազատ արձակելու քայլը:
Նյուսոմը, ընդունելով հանդերձ, որ անցնող տասնամյակներին Սասունյանը լուրջ քայլեր է արել վերականգնելու համար իր վարքը՝ նա գտնում էր, որ Սասունյանը դեռևս պատրաստ չէ ազատ արձակվելուն:
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանը (ծնված Բեյրութում, Լիբանան), Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ գաղտնի կազմակերպության անդամ էր։
1982թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում աջակցել է գնդակահարել Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման՝ առանց բողոքարկման իրավունքի: Ամերիկյան դատարանը հաստատել է, որ դա վրեժ է եղել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան