Կան վնասված մասունքներ, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի դրանց ԴՆԹ փորձաքննությունը անցկացնել. նախարար
«Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք գոնե մեկ անգամ չեն փորձաքննվել, բայց, ցավոք սրտի, կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են, և դրանցից ԴՆԹ վերցնելն ու փորձաքննություն անցկացնելը բավականին բարդ գործընթաց է»,- այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պատերազմում զոհված զինծառայողների մարմինների ճանաչման գործընթացին։
Նրա խոսքով, միջազգային ինստիտուտների փորձագետները ևս օգնում են աշխատել այդ փորձաքննություններ անցկացնել։
«Իհարկե, կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել՝ անկախ ամեն ինչից։ Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել։ Բայց չեմ կարող ասել, թե ինչ է լինելու այդ մասունքների հետ։ Բայց Կառավարությունում չի քննարկվում եղբայրական գերեզման ստեղծելու հարցը»,- նկատեց նախարարը։
Դիտարկմանը, որ օրինակ՝ Մեծամորի գերեզմանատան դիմաց կանգնած են «Սպայկա»-ի սառնարանները, և դրանցում դեռ մարմիններ կան, Անահիտ Ավանեսյանն արձագանքեց՝ ասելով, որ այո՛, Մեծամորում պահպանվում են դիեր՝ հատուկ սառնարաններում։
«Չեմ կարող ասել՝ կոնկրետ Մեծամորում քանի մարմին կա։ Մենք ունենք ԴՆԹ հետազոտության 2 սարք, որոնք աշխատում եմ 24/7 ռեժիմով։ Մոտ 270 փորձանմուշ ունենք, որ շատ բարդ է ԴՆԹ հետազոտության ենթարկելը, բայց թե քանի դի, հստակ չէ»,- նշեց նա։
Նախարարը տեղեկացրեց, որ 2200-ից ավելի անձը նույնականացված դի կա, 180 ծնող էլ սպասում է պատասխանի։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինծառայողների որոնումներն իրականացվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններով
- Նոյեմբերի 13-ից մինչ օրս հայկական կողմին է հանձնվել 1374 զինծառայողի մարմին․ Զախարովա