«Ստեփան Գրիգորյանը հերքում է Յուրի Խաչատուրովի մասին իր հորինած կեղտոտ ստերն ու ներողություն խնդրում գեներալից»
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հրապարակայնորեն հերքում է 2018 թվականի հուլիսի 30-ին ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հայտարարությունները։
«Տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին»,-հերքման տեքստում նշում է Գրիգորյանը։
Ստեփան Գրիգորյանի խոսքի տեսանյութը հրապարակել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու նշել. «Ստեփան Գրիգորյանը հերքում է Յուրի Խաչատուրովի մասին իր հորինած կեղտոտ ստերն ու ներողություն խնդրում գեներալից»։
Հիշեցնենք, որ նրան ավելի վաղ արած հայտարարությունները հերքել ստիպել էր դատարանը՝ օրինական ուժի մեջ մտած վճռով։
Ավելի վաղ դատարանը որոշել է. «Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում, «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին»։
Հիշեցնենք, զրպարտության մասով Յուրի Խաչատուրովի պաշտպանական կողմը Ստեփան Գրիգորյանի երեք հայտարարությունների վրա էր ուշադրություն հրավիրել, որ Յուրի Խաչատուրովն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ լիարժեք չի կատարել իր պաշտոնական պարտավորությունները կամ ուշացումով է դրանք կատարել, երկրորդ` որ այդ պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած հողերը ոչ թե գրավել են պատերազմի արդյունքում, այլ վաճառվել են թշնամուն և երրորդ`որ հայկական բանակը կարող էր ետ բերել այդ տարածքները, բայց Յուրի Խաչատուրովը թույլ չի տվել:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրովի կողմից Ապրիլյանի ժամանակ հողերը վաճառելու ու բիլիարդ խաղալու մասին հայտարարությունները՝ զրպարտություն
- Դատարանը քաղաքագետին պարտավորեցրել է հրապարակավ հերքել Յուրի Խաչատուրովի մասին իր ասածները
- Փաստաբան. Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի հայցի քննությունն անհարկի ձգձգվում է
- Խաչատուրովի փաստաբան. Հաջորդ նիստին Ստեփան Գրիգորյանն անձամբ կասի՝ թե ինչ է նկատի ունեցել նման հայտարարություններ անելիս