«Ժողովուրդ». Արցախում շարունակվում է թեժ մնալ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախում շարունակվում է թեժ մնալ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը կողմ չէ, որ ռուսերեն լեզուն Արցախում հաստատվի որպես պաշտոնական լեզու, ինչպես որ հայերենն է: Ընդդիմության կարծիքով՝ պետք է օրենքում ոչ թե սահմանվի ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու, այլ նշվի, որ Արցախում կարող է հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերենը:
Հիշեցնենք, որ այս նախագծի հեղինակը պատգամավոր Արամ Հարությունյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախի կառավարությունն արդեն դրական եզրակացություն է տվել նախագծին և ուղարկել է Արցախի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ պետք է եկող շաբաթվա մեջ հարցը քննարկվի:
Ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն առաջարկելու են, որպեսզի իրենց համար ընդունելի տարբերակը խորհրդարանի օրակարգ մտնի, հակառակ դեպքում վերջիններս պատրաստվում են օրենքի նախագծին դեմ կքվեարկել: Արցախի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեռևս հարցը վերջնական չէ, իրենք դեռևս պետք է հանձնաժողովում քննարկեն, ու ինքը առաջարկելու է, որ օրենքում ավելացնեն, որ հայերենի հետ կարող են օգտագործել նաև ռուսերեն լեզուն. «Եթե այդ տարբերակը կընդունվի, ապա ես կմնամ օրենքի համահեղինակ, եթե ոչ, ապա ես ցանկից դուրս կգամ, ու մեր խմբակցությունը հավանաբար դեմ կքվեարկի»,-ասաց մեր զրուցակիցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: