Առաջարկվում է սոցփաթեթի գումարով մուծել ցանկացած հիփոթեքային վարկ
«Արմատապես վերանայվում է սոցփաթեթի տրամադրման կարգը, բավականին մեծ թվով փոփոխություններ են լինելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ անդրադառնալով սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների ավելացման նախագծին։
Նրա խոսքով, առաջարկվում է ընդլայնել սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների ցանկը։ Եթե գործող կարգով սոցփաթեթի շահառուները կարողանում են ստացված գումարը ծախսել 4 ուղղություններով՝ հանգիստ, պետական սուբսիդավորմամբ ստացված հիփոթեքային վարկի մարում, ապահովագրական ծառայությունների ձեռքբերում և կրթություն, ապա այժմ առաջարկվում է, որ հնարավորություն տրվի սոցփաթեթի գումարները ուղղելու նաև մարզա-առողջարանական, սպորտային և նմանատիպ այլ ծառայություններից օգտվելուն։
«Սա ուղղված է առողջ ապրելակերպը խթանելուն։ Մարդիկ միշտ նստած են, իսկ սա առիթ կարող է հանդիսանալ, որ նրանք այցելեն, օրինակ՝ մարզասրահներ։ Բացի այդ, հնարավորություն կտրվի, որ ուսանողական վարկերը մարվեն սոցփաթեթի գումարով։ Սա հնարավորություն կտա, որ ուսանողի ընտանիքի անդամը կարողանա իր սոցփաթեթի գումարն ուղղել ուսանողական վարկի մարմանը»,- ներկայացրեց Ժորա Սարսգյանը։
Նա նշեց, որ նաև հնարավորություն կստեղծվի, որ սոցփաթեթի գումարը քաղաքացին միանգամից կարողանա ուղղել օրինակ՝ ստոմատոլոգիական որևէ կենտրոնի, որտեղ բուժել է ատամները։
«Բացի այդ, առաջարկում ենք, որ մարդկանց հնարավորություն տրվի իրենց սոցփաթեթի գումարով մուծել ցանկացած հիփոթեքային վարկ, եթե անգամ տվյալ անձն ուղղակի համավարկառու է»,- ասաց Ժորա Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին