ՄԱԿ-ի մարտի 8-ի նիստում ներկայացվել է նաև հայ գերիների խնդիրը. ՄԻՊ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
«Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը:
Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր զեկույցում նշվում է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը խոշտանգել են ու դաժան վերաբերմունքի ենթարկել հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց:
Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի տեսանյութերում օգտագործում են նույն բառերը, ինչ գործածվում են ադրբեջանական պաշտոնական ելույթներում:
Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:
Տեսաուղերձում ու գրավոր զեկույցում հատուկ է շեշտվում ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց ազատ արձակման ու վերադարձի արհեստական ձգձգման մասին, չնայած միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջներին, ինչը պատճառում է հոգեկան տառապանք նրանց ընտանիքներին ու էմոցիոնալ խորը ցավ հայաստանյան հասարակությանը:
Այս կոնկրետ նիստը նվիրված է եղել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը»,- գրել է Արման Թաթոյանը՝ կից ներկայացնելով տեսաուղերձը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ալիևի այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում
- Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները սկսել են անդրադառնալ ՀՀ ՄԻՊ հայտարարություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան