Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չկա, կա՛մ ինքը գնում է, կա՛մ՝ չի գնում. Վազգեն Մանուկյան
«Կան հարցեր, որտեղ մարդիկ կարող են գնալ կոմպրոմիսի, բայց ինչ կոմպրոմիսի պետք է գնալ մարդու հետ, ով խայտառակ պարտության է տարել երկիրը, տապալել ամեն ինչ»,- այսօր Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա հստակեցրել է՝ Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չկա, կա՛մ ինքը գնում է, կա՛մ՝ չի գնում, այլ բան չկա. «Ես ուրիշ կոմպրոմիս չեմ տեսնում»։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Վազգեն Մանուկյանը նշել է, որ այս պահին ընտրություններ անցկացնելն ուղղակի անհեթեթություն է, և եթե թույլ տրվի, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անցկացվեն ընտրություններ, ապա դրանով կլեգիտիմացվեն այն բոլոր «խայտառակ» պարտությունները, որ Նիկոլ Փաշինյանը տարել է։
«Եվ դուք տեսնում եք, որ Հայաստանը կամաց-կամաց դառնում է ոստիկանապետություն։ Մենք զարմանքով տեսանք, որ բոլոր քրեական գործերն անցնում ենք վարչապետի գրասենյակի մի աղջկա միջոցով։ Այդ դեպքում ի՞նչ երաշխիք կա, որ ընտրություններն իրոք կարտացոլեն ժողովրդի կարծիքը»,- ասել է նա։
Վազգեն Մանուկյանը նշել է՝ եթե սրացումներ են լինելու, թող լինեն, միայն թե հարցը լուծվի։ Նա նկատել է՝ իրեն մեկ այլ սրացում է սարսափեցնում, այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի շուրջ։
«Ալիևը հասկանում է, որ Նիկոլն այսօր կա, վաղը չի լինելու, իսկ Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչ չի կարող անել Նիկոլից հետո։ Իսկ ներքին սրացումը գնում է թշնամիներին ծառայողների, հայրենիքը դավաճանողների և երկրին նվիրված մարդկանց մեջ, ու եթե իրենք գնում են սրացման, ապա կստանան սրացում»,- ասել է նա։
Վարչապետի միասնական թեկնածուն նշել է, որ աշխարհում չկա մի պետություն, որ ղեկավարը այդպիսի «խայտառակ» վիճակի մեջ գցի երկիրը, ու չհեռանալով սրի վիճակը. «Ինքը ինչքան սրի, մենք նույն մակարդակի վրա կլինենք։ Սա պատերազմ է Հայաստանի ապագայի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը
- Մենք պատրաստ ենք մեր օրակարգով ու ձևաչափով հանդիպում ունենալ նախագահի հետ. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան