Ես արդեն գերիների հարցը չլուծելու մեջ իշխանությունների կողմից դավադրություն եմ տեսնում. Մելոյան
«Մարալի նկարը գերի ընկնելուց առաջ և հետո մեր երկրի հավաքական կերպարն է։ Մեր իշխանությունը սրընթաց կերպով մեր երկիրը հասցրեց բարոյալքված վիճակի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով, մարդիկ վերացական կերպով են խոսում գերիների ու զոհերի մասին, և ահա Մարալ Նաջարյանի կերպարը տեսնելիս են ամեն բան հասկանում։
«Իշխանությունները 3 տարի շարունակ փորձում էին պացիֆիզմ քարոզել, իսկ փորձագետներն էլ փորձում էին հասկացնել, որ չի կարելի խաղաղասիրություն քարոզել քո գոյությունը վերացնել ցանկացողի նկատմամբ։ Եվ այն դեպքում, երբ Ադրբեջանում մանկապարտեզից հակահայ քարոզչություն է տարվում, չի կարելի քո հասարակության հոգեբանությունն այդպես խեղել...։ Իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա։
Սահմանադրագետի խոսքով, նոյեմբերյան եռակողմ հայտարարության միակ փոքր-ինչ նպաստավոր կետը գերիների վերադարձի հարցն էր, այն էլ, ինչպես երևում է, չստացվեց լուծել։
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խայտառակ վիճակում ենք, որ ՌԴ արտգործնախարարը հունվարի վերջի իր ասուլիսի ժամանակ ասել է, թե հայկական կողմի գերիների ու անհետ կորածների հարցի չլուծումը պայմանավորված է հայկական կողմի փնթի աշխատանքով։ Եվ ստացվում է, որ իշխանությունների օրակարգում է հայտնվում գերիների հարցը, երբ իրենց աթոռներին վտանգ է սպառնում։ Հիրավի, իշխանական պատգամավորուհու շուրթերից պատահաբար ճշմարտություն հնչեց, որ իրենց օրախնդիրը միակն է, և դա ընդդիմությունն է։ Ես արդեն գերիների հարցը չլուծելու հարցում իշխանությունների կողմից դավադրություն եմ տեսնում»,- նկատեց նա։
Գոհար Մելոյանի խոսքով, քաղաքացիներն արդեն պետք է իշխանություների մանիպուլյացիաների դաշտից դուրս գան, քանի որ իշխող ուժը «քամուն է տալիս» այն խաղաքարտերը, որոնց միջոցով հնարավոր կլիներ հայ գերիներին վերադարձնել։
«Նիկոլ Փաշինյանը 3 անգամ տապալել է մեր երկրի սահմանադրական կարգը՝ առանց վավերացման գործընթացի 3 միջազգային պայմանագրեր կնքելով։ Այդ երեք դեպքերից յուրաքանչյուրը գերիների վերադարձման երաշխիք էր, որը նա բաց թողեց։ Այդ փաստաթղթերից յուրաքանչյուրը պարտավորվածությունների շարք է ենթադրում, և այդ կետերից յուրաքանչյուրի կատարումն էլ կարող էր գերիների մի շարքի վերադարձի հիմք դառնալ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում. Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին և կին գերիներին
- ՄԱԿ-ի մարտի 8-ի նիստում ներկայացվել է նաև հայ գերիների խնդիրը. ՄԻՊ
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան