Աբովյանի թիվ 1 դպրոցի որոշ ուսուցիչներ առավոտյան դռնապանից ստացել են իրենց ազատման մասին որոշումները
«Ես 2006 թվականից այս դպրոցն եմ կառուցում, որը 20 տարի իմ տունն է և հիմա ցինիկների մարմնացումները եկել են և այստեղից ինձ ու մի շարք մարդկանց դուրս են հանում»,- Աբովյանի թիվ 1 դպրոցում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց այդ պահին աշխատանքից ազատված լինելու ծանուցումն ստացած պատմության ուսուցչուհի Մետաքսյա Բաբայանը:
Այսօր առավոտյան գալով դպրոց՝ մի խումբ ուսուցիչներ դռնապանից ստացել են իրենց ազատման մասին որոշումները, որը ստորագրել է նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը:
Աշխատանքից ազատման հրամաններ են տվել նաև դպրոցի տնտեսվար Նունե Քամալյանին և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Գրիգորյանին:
Դպրոցից ուղիղ միացում էր կազմակերպել պատմության մեկ այլ ուսուցիչ Հայկ Փայտյանը, որին նույնպես հեռացրել են աշխատանքից:
Մետաքսյա Բաբայանը հայտնեց, որ դպրոցի կին դռնապանը, նույնպես ազատվել է աշխատանքից, այն դեպքում, երբ բանկում վարկեր ունի և տանը հիվանդ ամուսին, որը դեղեր է ընդունում:
«Թուրքի նման խիղճն այս մարդկանց միջից դուրս է մղած: Մենք վայրկյան առաջ մտնելու ենք դատարան, որպեսզի այս լկտիությունը, ցինիզմը, մարտնչող անգրագիտությունը մեր դպրոցից արմատախիլ անենք»,- հայտարարեց ուսուցչուհին:
Նա նաև տեղեկացրեց, որ նորանշանակ տնօրենի հրամանով դպրոցի երկու փոխտնօրենը նույնպես ազատվել են աշխատանքից:
«Նրանցից մեկը՝ Ավագյան Արմենն, որը նաև երեք երեխա է պահում, երկուսը՝ ուսանող, Քարմիլե Առաքելյանի և Ռոմանոս Պետրոսյանի կամքով ազատվել է աշխատանքից»,- հայտարարեց ուսուցչուհին:
Պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն էլ տեղեկացրեց, որ նման հրամաններ են արձակվել այն ժամանակ, երբ դատարանն ուսուցիչների գործադուլն անօրինական չի ճանաչել:
Մետաքսյա Բաբայանն էլ նշեց՝ մնալու է իր կոլեկտիվի հետ, իսկ նոր տնօրենը շուտով խայտառակված փախնելու է դպրոցից: Ուսուցչուհին նաև հայտնեց, որ այդ պահին գնում է իր աշխատասենյակ և սպասում, թե երբ են ոստիկանները գալու և ուժի գործադրմամբ իրեն դուրս հանելու այնտեղից:
Նշենք, որ ուղիղ կապն ապահովող Հայկ Փայտյանին կողքից պահանջում էին լքել դպրոցի շենքը, որին արձագանքելով՝ նա ասաց, որ իր եղբայրը սովորում է դպրոցում, հետևաբար, ինքը կրթության շահառու է և իրեն չեն կարող դպրոցից հեռացնել:
Ուսուցիչները դիմեցին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ԿԳՄՍ նախարարություն, բոլոր պատկան մարմիններին՝ իրավական ամենաթողությունը կանխելու պահանջով:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մարզպետին և նախարարին չի հետաքրքրում Աբովյանի թիվ 1 դպրոցում տիրող վիճակը
- «Թող գնան իրավական ճանապարհով». ԿԳՄՍ նախարարը՝ Աբովյանի դպրոցի մասին
- Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ