...Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ. Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
«Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը»,- գրել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ
Լուի Արագոնը։
Արագոնը Չարենցին համարում է հազվագյուտ հանճարներից մեկը, որը նոր շունչ, նոր որակ է բերում 20-րդ դարի գրականությանը։
Այսօր 20-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։
Ավանդույթի համաձայն, այսօր Չարենցի ժառանգները, չարենցագետներն ու չարենցասերները, ուսանողները, պոետի անունը կրող դպրոցի աշակերտները այցելում են Չարենցի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում, արտասանում մեծ պոետի բանաստեղծությունները։
Եղիշե Չարենցը (Սողոմոնյան) ծնվել է 1897 թվականին Կարսում, գորգավաճառ Աբգար Սողոմոնյան-Մարգարյանցի (Աբգար աղա) ընտանիքում։
Ապագա պոետն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:
Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: 1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն։ 1915 թ-ին Թբիլիսում լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։
Չարենցը «Կապուտաչյա հայրենիք» անավարտ պոեմը գրել է 1915 թվականի, երբ ընդամենը 18 տարեկան էր։ Հայրենիքի ցավը, հայրենիքի հանդեպ տածած իր զգացմունքները հանձնում է թղթին։ Ինչ իմանար պոետը, որ մեկ դար հետո հայրենիքն ապրելու է նույն ցավը, նորից տեսնելու է պատերազմի սարսափները։
«Կապուտաչյա հայրենիք» պոեմում նկարագրվածն այսօր ապրում է յուրաքանչյուր հայ ու Չարենց շշնջում.
«Օ՜, իմ հեռո՜ւ, կապուտաչյա՛ սիրուհի,
Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ…»։
Գրականագետը Սամվել Մուրադյանը մի առիթով ասել է` Եղիշե Չարենցը 20-րդ դարի բանաստեղծական ամենամեծ երևույթն է հայ իրականության մեջ և նույնպիսի մեծ երևույթ է համաշխարհային գրականության մեջ:
Եւ երիցս ճշմարիտ են Ավետիք Իսահակյանի խոսքերը, որ «...Չարենցը ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…»։
Նշենք, որ 1955 թվականին Արագոնը հրատարակել է մի ծավալուն հոդված՝ նվիրված հայ գրականությանը, ուր հատկապես բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները։
Չարենցի մեծությանն անդրադարձել է նաև Վիլյամ Սարոյանը։ Նա 1935-ին Մոսկվայում հանդիպել է Չարենցին ու Մահարուն։
«Հպարտ էի, որ հայրենակից եմ իրեն և իրեն նման գործի մարդ եմ նաև ես:
Չարենցի հիշատակին հավատարիմ պիտի մնամ առհավետ:
Չարե´նցը, Չարե´նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը»։
Հարակից հրապարակումներ`
- Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակի առիթով բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում