Թաթոյան. ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախագիծն օրակարգում ընդգրկվելու մասին տեղեկացել եմ նիստի ընթացքում մամուլից
«Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսում է վերացնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից»,- լրագրողների հետ քիչ առաջ մեկնարկած հանդիպմանը հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով կառավարության վերջին նիստում հավանության արժանացած օրինագծին։
Նրա խոսքով, խնդիրները բարձրաձայնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը։
«Դուք գիտեք, որ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում կա ամրագրված դրույթ, որի համաձայն, յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի համար պետբյուջեով նախատեսված չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից։ Այս դրույթն ամրագրվել է 2016-ին, մեծ դժվարությամբ, քննարկումների արդյունքում, բայց այն մեծ հաջողություն էր սահմանադրական օրենքում ամրագրումը և այն դարձել էր միջազգային փորձի լավագույն օրինակներից և մեր երկրի ժողովրդավարական համակարգի հաղթաթղթերից մեկը»,- ասաց Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, հարցը կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է որպես չզեկուցվող հարց, ինքն այդ մասին իմացել է նիստի ընթացքում լրատվամիջոցների հրապարակումներից։
Արման Թաթոյանը մանրամասնեց, որ ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն այս պահին կազմում է տարեկան 532 մլն 480 դրամ, որից աշխատանքի վարձատրության համար նախատեսված մասը հանած, տարեկան աճը կազմել է մոտ 2 մլն դրամ։
«Եթե բաժանենք ամիսների, 200 հազար դրամ էլ չի կազմում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախագիծն առաջարկվել է 2020 թվականի սեպտեմբերին, երբ կառավարությունում քննարկում է եղել պատերազմից մի քանի օր առաջ, սակայն ինքը ներկայացրել է իր սկզբունքային առարկությունները։
Ըստ Թաթոյանի, ֆինանսների նախարարը հիմնավորել է, որ նման դրույթները խանագարում են միջազգային ներդրումներին, ֆինանսական բարդությունների դեպքում բյուջեի՝ մի ոլորտից մյուսն ուղղելու դեպքում ճկունություն չի լինում։
«Սրանք ֆինանսների նախարարի հիմնական պարզաբանումներն էին, իհարկե կան նաև այլ պարզաբանումներ, որոնք դեռ կանդրադառնամ»,- ասաց ՄԻՊ-ը։
Թաթոյանը խոստովանեց, կարծում էր, որ պատերազմի ընթացքում ՄԻՊ գրասենյակի աշխատանքի ծավալը տեսնելով, կառավարությունը միգուցե հրաժարվի այդ մոտեցումից, բայց հունվարի վերջից նորից է նախագիծը դրվել քննարկման։
«Ես նորից ներկայացրեցի առարկություններ, բայց միաժամանակ ասում էի՝ եկեք քննարկենք, մեխանիզմներ գտնենք, որպեսզի չհակասենք նաև միջազգային պրակտիկային։ Օրինակ, եթե երկրում հայտարարված են կրճատումներ, որոնք վերաբերում են պետական բոլոր մարմիններին, ապա կարող ենք մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկելով, պատրաստ ենք գնալ ընդառաջ, թե պետության, թե տնտեսության համար պատրաստ ենք գնալ զիջումների, եթե իհարկե, նորից եմ կրկնում, դա ունի օբյեկտիվ հիմք ու վերաբերում են բոլոր պետական մարմիններին։
Մենք միշտ էլ վերադարձրել ենք գումարներ, օրինակ անցած տարի 24 մլն-ից ավելի գումար վերադարձրել ենք պետական բյուջե։ Բայց կառավարությունը դեմ գնաց իմ այս առաջարկություններին ու որոշեցին ամբողջությամբ հանել այդ սահմանափակումները»,-մանրամասնեց Թաթոյանը։
Ասուլիսն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել «Փաստինֆո»-ի եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կխաթարի ՄԻՊ անկախությունը․ Freedom House
- Պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն, իրավամբ, արեց անհնարինը․ Լևոն Բաղդասարյան
- Գոհար Մելոյան. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ԱԺ ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է
- Արման Սաղաթելյան. Դուք հիմար եք. ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երևի
- «Ինչու՞ է պատերազմում պարտություն կրած Պաշտպանության նախարարը շարունակում ստանալ 1.500.000 դրամ աշխատավարձ»
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում