Եթե մենք չենք մասնակցում այդ հանդիպումներին, ապա չգիտեմ, թե ինչից են խոսում. Իշխան Սաղաթելյան
«Նախագահը երբ նախորդ գիշեր հայտարարեց, որ անիրագործելի է իր, Հայրենիքի փրկության շարժման (ՀՓՇ) և Փաշինյանի միջև հանդիպումը, ապա պարտավոր էր հայտնել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, որը չարեց»,- լրագրողին հայտնեց ՀՓՇ համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա հիշեցրեց ընդդիմության հայտարարությունն այն մասին, որ ձևական, անիմաստ, անբովանդակ հանդիպումների չեն մասնակցելու, եթե իշխանություններն իրականում մտածում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու մասին, ապա իրենք առաջարկել էին ուղիղ հեռուստատեսային հեռարձակման ներքո ԱԺ-ում հանդիպման ձևաչափը, որին էլ պատրաստ չի եղել հակառակ կողմը:
«Նրանք ուզում էին ինչ-որ պատկեր ստանային՝ մեզ անբովանդակ հանդիպման հրավիրելով, հետևաբար այդ հանդիպումը ձախողվել է իրենց պատճառով, իսկ վարչապետի աթոռը զբաղեցնողը դիրքորոշում չէր հայտնել»,- հայտարարեց Սաղաթելյանը:
Նա նաև անիմաստ համարեց նախագահի հետ առանձին ձևաչափով հանդիպում անցկացնելը:
Շեշտելով, որ որևէ ակնկալիք չունեն անբովանդակ հանդիպումներից՝ Սաղաթելյանը հռետորական հարց հնչեցրեց, թե ինչի՞ց կարող է խոսել «Իմ քայլը» խմբակցությունը նախագահի հետ:
«Օրակարգը Բաղրամյանից է թելադրվում, եթե մենք չենք մասնակցում այդ հանդիպումներին, ապա չգիտեմ, թե ինչից են խոսում, իրենք կարող են խոսել նոր տարածքներ հանձնելուց, նոր դավադրություններից, Սահմանադրությունը տապալելուց»,- հայտարարեց ՀՓՇ համակարգողը:
Նա նշեց, որ շարունակելու են փակ պահել Բաղրամյան պողոտան, իսկ հեծանիվով լայվեր անող Փաշինյանը շարունակելու է շրջել 2-3 հազարանոց ոստիկանական ուժերի ուղեկցությամբ:
«Փաշինյանի տեղաշարժն անհնարին է դարձել, ոստիկաններն էլ կրակն են ընկել նրա ձեռքը, իսկ երկիրը համակարգային ճգնաժամի մեջ է, որից դուրս գգալու համար վարչապետի աթոռը զբաղեցնողը պետք է հեռանա»,- խոսքն ավարտեց ՀՅԴ անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ցուցարարներից աննկատ հեռացել է նախագահի նստավայրից
- Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաների շարասյունը սողոսկեց նախագահի նստավայր
- Նախագահի նստավայրի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին