Պարո՛ն Փաշինյան, դու ես մեր դիվանագիտությունը դարձրել զրո. Հրայր Կարապետյան
«Հայ դիվանագետներից շատերն իրենց մասնագիտական օրը՝ մարտի 2-ը, գլխիկոր են դիմավորել, քանի որ հպարտանալու և նշելու ոչինչ չկար, մենք պարտված դիվանագիտություն ունենք»,- ԱԳՆ-ի շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց դիվանագետ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը:
Նա չհամաձայնեց դիվանագետ ղեկավարների այն խոսքերի հետ, թե նրանք ամեն ինչ ճիշտ են արել:
«Պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է, իսկ Հայաստանի թիվ մեկ դիվանագետը երկրի ղեկավարն է»,- նկատեց Կարապետյանը և շեշտեց, որ Փաշինյանն է տապալել Հայաստանի ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները բոլոր մակարդակներում:
Ըստ ՀՅԴ անդամի՝ Փաշինյանը լավ է իմացել, որ ՀԱՊԿ-ի վարկաբեկումը երբեք չէր հանդուրժի նրա ամենակարևոր անդամ ՌԴ-ն և տեղյակ էր, որ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը չէր կարող անցնցում անցնել, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված դատավարությունը:
Կարապետյանը համոզմունք հայտնեց՝ Փաշինյանը տեղյակ էր, որ Պարսկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները չէր կարելի վատացնել:
«Չէր կարելի վարկաբեկել մեր դիվանագիտությունը՝ ասելով, որ մինչև հիմա ոչինչ չի արվել և պետք է 0-ից սկսել: Ո՛չ, այդպես չէ, պարո՛ն վարչապետ, դու ես մեր դիվանագիտությունը դարձրել 0»,- հայտարարեց Հրայր Կարապետյանը և նկատեց, որ այսօր էլ դեռ համակարգում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ դիվանագետներ:
Նրա խոսքով՝ այսօր հայ դիվանագիտությունը միջազգային ատյաններում չի բարձրացնում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցը և ԱԳՆ-ի այդ գործառույթն ինչ-որ առումով կատարում է միայն Մարդու իրավունքների պաշտպանը:
Արձանագրելով, որ Հայաստանի դիվանագիտությունը Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները թողնում է անպատասխան՝ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ ԱԳՆ-ն պետք է անհապաղ դիմի ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդին՝ պահանջելով դատապարտող որոշում հրապարակել, քանի որ վաղը կարող է ուշ լինել:
Ըստ բանախոսի՝ ձախողված դիվանագետները պատասխան են տալու, թե արդյո՞ք պաշտպանել են ազգային շահերը, և արդյո՞ք նրանք արժանի են այն հերոսներին, որոնք իրենց արյունը թափեցին հայրենիքի համար:
Իր խոսքի ավարտին Հրայր Կարապետյանը, դիվանագետներին կոչ արեց, հետևելով ԶՈւ-ին, իրենց ձայնը նույնպես բարձրացնեն և պահանջեն Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
Հարակից հրապարակումներ`
- Իմանալով ակցիայի մասին, իշխանությունները մարզերից ոստիկանական մեծ ուժեր են բերել ԱԳՆ-ի դիմաց. Գ. Մանուկյան
- Դիպուկահար՝ ԱԳՆ տանիքին