Սպանված Ջորջ Ֆլոյդի ընտանիքը 27 միլիոն ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում կստանա
Մինեապոլիսի (Մինեսոտա, ԱՄՆ) իշխանությունները 27 միլիոն դոլար կվճարեն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքին, որին նախորդ տարի ձերբակալության ժամանակ սպանել էին ոստիկանները: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այդ մասին լուր է տարածել «Associated Press»-ը:
Այսպիսով՝ քաղաքային իշխանությունները համաձայնվել են մինչև դատաքննությունը բավարարել աֆրոամերիկացու սպանության գործով նրա ընտանիքի հայցադիմումն ընդդեմ քաղաքի և ոստիկանության աշխատակիցների:
Իր հայցով ընտանիքը պնդում էր, որ սպաները խախտել էին Ֆլոյդի իրավունքները, երբ նրան ձերբակալում էին, և որ քաղաքային իշխանությունները թույլ էին տվել ոստիկանությունում ծաղկի «ավելորդ ուժի կիրառման, ռասիզմի և անպատժելիության մշակույթը»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 25-ին Մինեսոտայի նահանգում ոստիկանության կողմից սպանվեց 46-ամյա ամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում ոստիկանը ծնկով սեղմում է Ֆլոյդի պարանոցին, և նա կրկնում է, որ չի կարող շնչել: Տեսանյութը զայրացրեց շատ ամերիկացիների:
Ոստիկանների դաժանության դեմ բողոքներն ընդգրկեցին Մինեապոլիսը, այնուհետև ամերիկյան այլ քաղաքներ և նույնիսկ ԱՄՆ-ից դուրս: Մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը հանգեցրին անկարգությունների, վանդալիզմի գործողությունների, հրկիզման ու խանութների թալանի, իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա