Մինչև մայիսի 1-ը պատվաստված կլինեն ԱՄՆ-ի չափահաս բոլոր բնակիչները
Կովիդի համավարակի անցած մեկ տարվա ընթացքում աշխարհում ավելի քան 2 միլիոն 600 հազար մարդ է մահացել, որոնցից 530 հազարը` Միցյալ Նահանգներում:
«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ իր պաշտոնավարման առաջին 50 օրերից հետո արտասանած ելույթի ժամանակ երկրի նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է այս վիրուսի դեմ պայքարում իր վարչակազմի որդեգրած քաղաքականությունը:
«Կառավարմանս առաջին վաթսուն օրերից հետո այստեղ պատվաստված կլինի հարյուր միլիոն մարդ: Որեւէ այլ երկիր ցույց չի տվել այդ ցուցանիշը», հայտարարել է Բայդենը ու հիշեցրել, որ հարյուր միլիոն չափաբաժին իրենք նախկինում նախատեսել էին իր կառավարման առաջին հարյուր օրերի համար:
Բոլոր նահանգները ստացել են մինչև մայիսի մեկը բոլոր չափահաս ամերիկացիներին պատվաստման ենթարկելու հրահանգ: Սակայն այս ճանապարհին չի կարելի ասել, որ խոչընդոտներ չկան: Դրանցից առաջինը մարդկանց մի որոշ հատվածի շրջանում պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունն է: Մյուս խնդիրն այն է, որ որոշ նահանգներ անտեսում են համավարակի համար դաշնային կառավարության հաստատած կանոնները: Օրինակ է Թեքսասը, որը մի քանի օր առաջ հանեց դիմակ կրելու որոշումը:
«Իսկ մարդկային կյանքեր փրկելու ամենահեշտ եղանակը դիմակ կրելն է: Սակայն վատ է, որ այս պարզ հարցում մարդիկ երբեմն դեմ են դուրս գալիս մեկը մյուսին», նշում է Բայդենը:
Ինչպես վերլուծաբան Քաթրին Բեիքերն է ասում, դիմակների ու պատվաստումների հարցում այս բացասական մոտեցումները հիմնականում սերմանվել են քաղաքական նպատակներով, հիմնականում համավարակի տարածման առաջին օրերին:
Իսկ 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի տնտեսական խթանման ծրագիրը, որը ներկայացվել էր Բայդենի կողմից ու հաստատվել Կոնգրեսում առանց որևէ հանրապետականի կողմ քվեարկության, արժանանում է վերջիններիս քննադատությանը: Ներկայացուցիչների պալատում հանրապետական փոքրամասնության ղեկավար Քևին ՄաքՔարթիի խոսքերով, դա մինչև համավարակը ձախակողմյան գործիչների կողմից կազմված ծրագիր էր:
Բայդենը հաջորդ շաբաթ ճամփորդություն է սկսում երկրի տարբեր նահանգներում գովելու համար կովիդ հիվանդության դեմ ուժի մեջ մտցված օրենքները: Ճամփորդությունը ստացել է «Օգնությունը գալիս է» անվանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին