Արա Սաղաթելյան. Նախագահը պետք է ի վերջո հասկանա, որ կիսահղի չեն լինում
«Քանի որ Հայաստանն այսօր ունի զրո սուբյեկտայնություն, այսինքն, մեզ չեն սիրում, չեն հարգում, մենք մեզանից ոչինչ չենք ներկայացնում, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը կարող են ունենալ ցանկացած հավակնություն, ասեմ ավելին, կարող են օգտվել ինչ-որ իրավիճակների համընկնումից և իրենց հավակնություններն իրականացնել»,- «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների համար Սյունիքի թիրախ լինելու հնարավորության մասին հարցին։
Նա ընդգծել է, որ որևէ բան բացառել չի կարելի, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացումների, որին չի նպաստում ԶՈւ ԳՇ ստեղծված խառը վիճակը։
«Մենք չենք կարող գնալ կայուն խաղաղության մինչև չլինենք ուժեղ ներսից ու ռազմական ներուժով»,- ասել է Սաղաթելյանը՝ անպատասխանատու և սուտ որակելով կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ իշխանության հայտարարությունները։
Սաղաթելյանի խոսքով, այսօր որևէ պետական մարմին չի կատարում իր ֆունկցիան կամ կատարում է շատ վատ՝ սկսած հանրապետության նախագահից, վարչապետից։
«Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն անընդհատ ինչ-որ կիսալուծումների մեջ է գտնվում։ Ներկայության ինչ-որ քայլեր է անում, էֆեկտ ստեղծում։ Նախագահը պետք է ի վերջո հասկանա, որ կիսահղի չեն լինում։ Նա պետք է որոշի՝ կամ նա ֆունկցիա է որպես նախագահ, կամ ոչ մի օգուտ չի տալու»,- ասել է Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ այս իշխանության օրոք կա խնդիր, երբ պետական պաշտոնը դարձնում են կենցաղ, մինչդեռ՝ պետական պաշտոնյան առաջին հերթին ֆունկցիա է։
Սաղաթելյանն ընդգծել է, որ նախագահը պետք է կատարի իր երաշխավորի ֆունկցիան, իսկ տվյալ պարագայում նա փորձում է կշեռքի երկու նժարների մեջտեղում գտնվելով՝ կանգնել իրավիճակից վերև։
«Դա բերելու է նրան, որ ինքը գտնվելու է բոլոր իրավիճակների ներքևում»,- ասել է Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄՈԲ-ին անպատրաստ ուղարկել էին ռազմաճակատ՝ քաղաքական ակտիվությունը բացառելու համար. Սաղաթելյան
- Արա Սաղաթելյանը՝ Օնիկ Գասպարյանի քայլերի մասին
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար
- Արա Սաղաթելյան. Այնքան փնթի գործ է, որ ինձ ներկայացրել են որպես «Արմենպրես»-ի տնօրեն
- Արա Սաղաթելյան. Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան
- Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց