Իմանալով ակցիայի մասին, իշխանությունները մարզերից ոստիկանական մեծ ուժեր են բերել ԱԳՆ-ի դիմաց. Գ. Մանուկյան
«Երբ «Հայրենիքի փրկության շարժում»-ը որոշի հաղթահարել ոստիկնական շղթան, այն կանի՝ ոչ միայն այն պատճառով, որ ընդդիմությունը վայելում է հասարակության վստահությունը, այլ նաև համոզված եմ, որ մեր եղբայրները, որոնք կրում են ոստիկանական համազգեստ, վայրկյան անգամ չեն կանգնին ժողովրդի հաղթանակի ճանապարհին»,- Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ցուցարարները կճեղքեն ոստիկանության շղթան:
Տեղեկանալով, որ Նիկոլ Փաշինյանը դիվանագետի օրվա կապակցությամբ այսօր 12:30-ին ժամանելու է ԱԳՆ՝ ՀՓՇ-ն բողոքի ակցիա է կազմակերպել: Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել ԱԳՆ-ի շենքի շուրջ:
Մամիջանյանը հիշեցրեց, որ «գերագույն գլխավոր դավաճանին» խոստացել են՝ նրան օր ու արև չեն տալու:
«Կարծում եմ՝ այն մարդը, ում թվում է, թե նա երկրի ղեկավարն է, և Երևանով՝ իր երկրի մայրաքաղաքով տեղաշարժվելու համար այսքան ոստիկան պետք է մոբիլիզացնի, ապա՝ այդ մարդը հրաժարական չի տվել, նա մահացել է որպես քաղաքական գործիչ, որպես հայ»,- հայտարարեց Մամիջանյանը:
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ գաղտնիք է պահելու ընդդիմության գործողությունները, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դողալով նային բողոքի ակցիաների ուղիղ միացումները:
Մամիջանյանը նկատեց, որ Փաշինյանը և իր խունտան՝ պատգամավոր-ուսապարկերը, քաղաքով միշտ ոստիկանության մեծ ուժերի ուղեկցությամբ են շրջելու:
Նա կրկին նշեց, որ Փաշինյանին կհանդիպեն միայն առաջնային մանդատ կրող ձևաչափում՝ ԱԺ-ի տարածքում և քննարկման օրակարգային միայն մեկ հարցի շուրջ՝ իր հեռացման:
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն էլ ցուցարարներին հայտնեց, որ, իմանալով բողոքի ակցիայի մասին, իշխանությունները մեկ օրում պետական միջոցներով մարզերից ոստիկանական մեծ ուժեր են բերել ԱԳՆ-ի դիմաց: