ՀՀ ՄԻՊ. Կառավարության նիստերին ՄԻՊ-ի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությանը.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ասուլիսի միակ թեման Պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման խնդիրն էր:
Այս առաջ եկած խնդրի շուրջ բովանդակային քննարկման ու լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը խոսնակի հայտարարությամբ միայն արձագանքել է երկրորդական նշանակության հարցի՝ կապված Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցության հետ:
Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին մասնակցել է Պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ: Այս պրակտիկան գործել է Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների օրոք բոլոր ժամանակաշրջաններում:
Մարդու իրավունքների պաշտպանը օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել անձամբ մասնակցել Կառավարության՝ պատերազմից հետո վերսկսված մի քանի նիստի՝ պայմանավորված աշխատանքների ու դիմումների շեշտակի աճով, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր հաճախ օրեր տևած այցերով, այդ այցերի արդյունքներն ամփոփելու և միջազգային կառույցներին ներկայացնելու հրատապությամբ:
Ավելին, այս ողջ ընթացքում որևէ մեկը Կառավարությունից ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տարբերակով տեղեկություն չի փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որ Կառավարությունը ակնկալում է նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցությունը:
Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք ու անհասկանալի է՝ ինչպես կարող է այս հարցը քննարկվել Պաշտպանի հաստատության համար բացասական հետևանքներ առաջացնելու լույսի ներքո:
Հատուկ արձանագրում ենք, որ Սահմանադրությունը պաշտոնյաներին ու առավել ևս Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին ոչ թե վերապահել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին քաղաքական, առավել ևս ագրեսիվ բառապաշարով պատասխանելու իրավասություն, այլ Պաշտպանի գործունեությանն աջակցելու ուղիղ պարտականություն:
Սա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած և Սահմանադրության 191-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված՝ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց պարտականություն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ խոսնակի նշված հրապարակմանը անմիջապես հաջորդել է Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավորի հայտարարությունը: Այդ հայտարարությունը, նույնությամբ կրկնելով Կառավարության ներկայացուցչի հրապարակման բառերը, ևս շեղել է ասուլիսի միակ թեման:
Ընդ որում, պատգամավորի հայտարարությունը պարունակում է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ակնհայտ հեգնական ձևակերպումներ, իսկ այդ հայտարարության ներքո լի են Մարդու իրավունքների պաշտպանին ու Պաշտպանի հաստատությանն ուղղված վիրավորական ու ատելության տարրերով գրառումները:
Ավելին, պատգամավորի այդ հայտարարությունը գրեթե անմիջապես տեղադրվել է ԱԺ «Իմ քայլը» կառավարող խմբակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ արված են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակն ու դերն ակնհայտ աղավաղող, Պաշտպանի հասցեին արված ու չհեռացված վիրավորական, ատելության տարերրով գրառումներ:
Շեշտում ենք, որ պետությունը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում:
Ուստի, ասուլիսի միակ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստոիտուցիոնալ անկախության երաշխավորման թեման շեղող հարցերն ու քննարկումները համարում ենք փակված»:
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան. Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար
- Արման Թաթոյան. Նախագիծն ԱԺ-ում ընդունվելու դեպքում անհապաղ դիմելու եմ ՍԴ
- Արման Թաթոյան. Նախագիծը համարում եմ խտրական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան