ՄԱԿ-ում ՀՀ դեսպան․ Բռնությունների վերջին դեպքերը հստակ ցույց են տալիս, որ ՄԱԿ-ը կարիք ունի ամրապնդելու իր կարողությունները
Մարտի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի նախագահ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆումզիլե Մլամբո-Նգկուկայի (UN Under-Secretary-General and Executive Director of UN Women Phumzile Mlambo-Ngcuka) հետ միասին մասնակցել է CSW/NY հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված առցանց քննարկմանը, որը վարում էր ԱՄՆ Միչիգան նահանգի օրենսդիրի ներկայացուցիչ Մարի Մանուկյանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Անդրադառնալով հումանիտար ճգնաժամերի ազդեցությանը կանանց և աղջիկների վրա` դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային հանրության համախմբված աջակցության կարևորությունը ճգնաժամերում կանանց և աղջիկների պաշտպանությունը երաշխավորելու հարցում:
«Բնականաբար, անկայուն իրավիճակներում, ինչպիսիք են հակամարտությունները և հումանիտար ճգնաժամերը, կանայք և աղջիկները անհամաչափ զրկանքների են ենթարկվում և առկա են լինում անարդարությամբ և անհավասարությամբ պայմանավորված վտանգներ, ներառյալ` կարևոր ծառայությունների և կենսական պայմանների հասանելիությունը»,-նշել է Մհեր Մարգարյանը:
Այս համատեքստում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հիշատակել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ծանր հումանիտար հետևանքները, որոնք ավելացրել են հակամարտությունից տուժած կանանց և աղջիկների զրկանքները` մի կողմից համարավարակի, իսկ մյուս կողմից` պատերազմի պայմաններում:
«Բռնությունների վերջին դեպքերը հստակ ցույց են տալիս, որ ՄԱԿ-ը կարիք ունի ամրապնդելու իր կարողությունները՝ այս մարտահրավերներին դիմակայելու, կանխարգելման օրակարգն առաջ տանելու և գենդերային հավասարությանը հասնելու համար», -նշել է ՀՀ մշտական ներկայացուցիչը:
Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ հետևորդներ ունեցող հասարակական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառումը հասանելի է հետևյալ հղումով։