«Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Սողոմոն Թեհլերյան
Հարյուր տարի առաջ այս օրը՝ 1921թ․-ի մարտի 15-ին, հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ Նա ձերբակալվեց, սակայն նույն թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան արդարացրեց։
Ինչպես ինքն էր ասում․ «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։
Օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն, որում ասվում է․
«2021-ի Մարտի 15-ին աշխարհասփիւռ հայ ժողովուրդը նշելու է Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից՝ Թալէաթ փաշայի ահաբեկման 100-ամեակը:
Այս գործողութիւնը, որը իրականացուեց ՀՅԴ որոշումով և ՀՅԴ անդամ, 24-ամեայ Սողոմոն Թեհլիրեանի ձեռամբ, արդարութիւնը վերականգնելու և վրիժառու բազկով մեր լինելութեան, մեր գոյապայքարի ու մեր ազգային վերածնունդի մարմնացումը հանդիսացաւ 100 տարի առաջ և մնում է այդպիսին մինչ այսօր:
1919 թուին, ՀՅԴ 9-րդ Ընդհնուր Ժողովի որոշումով կեանք առած «Նեմեսիս» գործողութիւնները ոչ միայն Թուրքիոյ ցեղասպան դահիճներին և դարի մեծագոյն ոճիրի հեղինակներին էին ուղղուած, այլ նաև մարմնացումն էր Արամ մանուկեանի միշտ այժմէական հետևեալ խօսքերին՝
«Մենք միայնակ ենք ու միայն մեր սեփական ուժերին ապաւինելով պէտք է պաշտպանենք մեր սահմանները դրսի թշնամուց և օրէնքի իշխանութիւն հաստատենք երկրից ներս»:
Գաղափարական յեղափոխականների փաղանգը, որն ստեղծեց Հայաստանի առաջին անկախ հանրապետութիւնը խորապէս գիտակցում էր թէ արդարութեան վերահաստատումը չի կարելի յետաձգել և որ այն երաշխիքն է վաղուայ ժողովրդավարական, զարգացող, խաղաղ ու ապահով Հայաստանի:
«Նեմեսիս» գործողութիւնների և այդ ծիրից ներս Թեհլիրեանի հերոսական ակտը բնական շարունակութիւնն էր 1800-ականներից արդէն ծայր առած հայ ազատագրական պայքարի: Պայքար՝ որը միս ու արիւն ստացաւ Նիկոլ Դումանների, Անդրանիկ փաշաների, Գէորգ Չաւուշների, Նժդեհների, Շահէն Մեղրեանների, Պէտոների ու Թաթուլ Կրպեանների և այն բոլոր ազգային-յեղափոխական սերունդների շնորհիւ, որոնք ամէն գնով նուիրուեցին ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի գաղափարին:
Նման ազգը ու նման պատմութիւն կերտած ժողովուրդը և կազմակերպութիւնը չեն կարող ենթարկուել, ընդունել և համակերպուել Սեպտեմբերի 27-ի պատերազմով ձևակերպուած մեր նոր իրականութեանը:
Մենք չունենք այլ ընտրութիւն: Մենք պէտք է հաւաքագրենք մեր ազգային ողջ ուժականութիւնը, դարձեալ ոտքի կանգնենք ու յաղթանակներ կերտենք ի դէմ մեր արտաքին, թէ ներքին թշնամիների:
Նպատակս տկարութիւն չի ճանչնար:
ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն Թալէաթ փաշայի ահաբեկման 100-ամեակի սեմին իր խոնարհումն է յայտնում Սողոմոն Թեհլիրեանի, մեր բոլոր հին ու նոր նահատակների յիշատակի առջև:
Ազգ, Բանակ, Յաղթանակ
ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին