«Արդար է նաև մեր պայքարը, որն ուղղված է Կառավարությունում հանգրվանած ներքին թուրքի դեմ»
Թալեաթի սպանությունից 100 տարի անց. ՀՅԴ-ականները Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ են։
«Քիչ ենք, բայց արժանապատիվ հայերով այստեղ ենք, եկել ենք մեր խոնարհումը բերելու հայ ազգի վրիժառու բազուկի խորհրդանիշ հանդիսացող հերոս հայորդու հիշատակի»,- Թեհլերյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։
Նա հիշեցրեց, որ 100 տարի առաջ այս օրը Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է հայոց ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթին։
«Այդ ճիվաղի գնդակահարումը արդարահատույցն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների...։ Սողոմոն Թեհլերյանը ոչ միայն արդարադատության խորհրդանիշն է, այլ նաև 1970-80-ականներին հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի ոգեշնչողն է։ Այդ երիտասարդներն էին, որ իրենց կյանքով, իրենց գործող ասացին ի լուր աշխարհի, որ արդարություն պետք է ոչ թե աղերսել, այլ՝ պարտադրել։ Նրանք ասացին, որ արժանապատվությունը ոչ թե պետք է մուրալ, այլ՝ պարտադրել»,- նկատեց նա։
Խոսքի վերջում Արսեն Համբարձումյանը, դիմելով Սողոմոն Թեհլերյանին, նշեց. «Փառք ընկեր ջան, վարձքդ կատար, գինի՛ լից»։
Քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանն էլ տեղեկացրեց, որ Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը Աջափնյակ վարչական շրջանում տեղադրվել է 2003 թվականին, բայց եթե այն ավելի վաղ տեղադրված լիներ, ապա գուցե ՀՀ-ն ունենար այնպիսի երիտասարդ սերունդ, որը թույլ չէր տա, որ ՀՀ խորհրդարանն այս վիճակում հայտնվեր։
«Մենք կունենայինք այնպիսի հասարակություն, որը թույլ չէր տա ունենալ ներքին թուրք, որն այսօր որոշումներ է կայացնում մեր ազգի ճակատագրի վերաբերյալ...։ Թեհլերյանի պայքարն արդար էր, արդար է նաև մեր պայքարը, որն այսօր ուղղված է Կառավարությունում հանգրվանած ներքին թուրքի դեմ»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիներն ուզում են «Թուրքերը և մենք» գիրքը նվիրել իմքայլականներին
- «Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Սողոմոն Թեհլերյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան