Վրաստանի կառավարությունը դեռ չի պատրաստվում բացել ցամաքային սահմանները
Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակել է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ:Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվել է օտարերկրյա քաղաքացիներին հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:
Վրաստանի կառավարության աշխատակազմից «Ալիք Մեդիային» հայտնել են, որ այս փուլում, Վրաստանի ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմանները բաց են Թուրքիայի ուղղությամբ: Թուրքիա մեկնող քաղաքացիները պարտավոր են մեկնելուց առաջ լրացնել հատուկ անկետա: Ինչ վերաբերում է մյուս հարևանների հետ ցամաքային սահմաններին, կառավարությունը նոր որոշում չի ընդունել և դրանք կշարունակեն քաղաքացիների համար փակ մնալ:
«Երկրի ցամաքային սահմանների վերաբերյալ գործող ռեժիմը դեռ կմնա ուժի մեջ, այս մասին որևէ նոր որոշում չի ընդունվել և ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից»,- ասել են կառավարությունից:
Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացիները երկրի տարածքը լքելու համար պետք է կառավարությունից ստանան հատուկ թույլտվություն: Ինչ վերաբերում է այլ երկրի քաղաքացիների Վրաստան մուտք գործելուն, ապա մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները երկիր կարող են մուտք գործել օդային ճանապարհով` ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում: