Լիա Իվանյան. Խարդավանքների երկիր Հայաստանս․․․
Այսօրվա Հայաստանում ինտրիգանությունն ինչ-որ տեղ նույնիսկ բնական է, քանի որ հսկայական խարդավանքի արդյունքում իշխանությունը զավթած գործող վարչախումբն այլ կերպ աշխատել չէր պատրաստվում, և ունակ էլ չէր։ Իսկ նախնական մեծ խարդավանքը Հայաստան պետությունը թուլացնելուն ուղղված օտարների ծրագրեր էին, որոնց անհաջող դրսևորումները եղան 1999-ի հոկտեմբերի 27-ը, 2008-ի մարտի 1-ը, Էլեկտրիկ Երևանը, ՊՊԾ գնդի գրավումը, և որը վերջապես հաջողվեց 2018-ի ապրիլին։
Առնվազն 2020-ի հուլիսին ի հայտ եկած գաղտնի փաստաթուղթը վկայում է, որ դեռևս 2000 թվից պատաստ է եղել՝ «Թուրքիայի հարձակման գաղտնի ծրագիրը Հայաստանի վրա, որը կոչվում է «Ալթայ», նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ «լուծել» Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը»։ Ինչը և տեսնում ենք հիմա։
Թվարկածների նույն ակունքից իրար հետ եղած կապվածությունն անշուշտ հետո կուսումնասիրվի, իսկ վերջին երեք տարիներին որ կողմ նայում ես խարդավանքներ են՝ մանր ու մեծ, պետական ու տեղային նշանակության, պաշտոններ ու բիզնեսներ ձեռք գցելու, բյուջեից մեծ պատառներ թռցնելու, հակառակորդներից ազատվելու համար հյուսած և օտար տերերին ծառայելը «հայրենասիրական» շղարշով պատած խարդավանքներ։
Ցավն այն է, որ հաջողում են իրենց ինտրիգները հյուսել անգամ պատերազմում 44 օր անամոթաբար ստելուց և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո։ Ամոթն էլ այն է, որ շատ բացահայտումների հետևանքով դիմակները պատռված գործակալներն ու դավաճանները շարունակում են մնալ իրենց պաշտոններին՝ համառորեն ավարտին հասցնելով Հայաստանը մասնատելու թուրքական ծրագիրը։
Եվ այստեղ է հարցերի հարցը՝ ո՞նց են կարողանում աթոռներին կպած մնալ աջ ու ձախից չդադարող թուքումուրի տակ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գերագույն ամբարտավանին է վերաբերվում, այլ կառավարության ու խորհրդարանի նրա մանկլավիկներին։ Չես հասկանում՝ երկար կառավարման հույսեր են փայփայում, թե՞ իրենց գործատուի զայրույթից են վախենում։
Անկեղծ ասած, երբեմն կարեկցանք են առաջացնում թրաֆիկինգի զոհերի տպավորություն թողնող իմքայլական պատգամավորները։ Նրանք կորցրեցին քիչ թե շատ ռեաբիլիտացվելու իրենց շանսը, երբ ընդառաջ չգնացին Հայրենիքի Փրկության շարժման անցումային կառավարություն ձևավորելու առաջարկին։ Եթե նրանց խմբակցությունից 20-25 հոգի կարողանային իրենց մեջ սպանել ստրուկին և ամիսներ առաջ ԱԺ-ում ընթացք տային այդ նախաձեռնությանը՝ և՛ երկրի, և՛ անձամբ իրենց համար անդունդից օր առաջ դուրս գալու հնարավորություն կլիներ։ Իսկ հիմա շարունակելով ծառայել պետության համար մեկ թշնամուն՝ օր օրի ավելացնում են պետության կազմաքանդման գործում իրենց հանցավոր ներդրումը։ Պատժից խուսափելու ձևը գիտեն, թե՞ արտահերթ ընտրություններում հաղթանակ են ակնկալում։
Ի դեպ, թարմ խարդավանքները հյուսվում են արտահերթ ընտրությունների շուրջ։ Ոչ ոք չի կասկածում, որ ընտրություններն այս իշխանություների անցկացման դեպքում անխնա օգտագործվելու են վարչական ռեսուրսներն ու օտարների ֆինանսները։ Ընդդիմությունը հանգիստ կարող է «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը փոխարինել «Առանց Նիկոլ ընտրություններ» կարգախոսով։ Ընտրություններում, երբ էլ դրանք անցկացվեն՝ Նիկոլի և իր թիմի մասնակցությունը պետքէ բացառվի։ Երեք տարվա ընթացքում նրանք ապականել են հնարավոր ու անհնար ամեն բան, և նրանց տեղը բանտերում պետք է լինի, այլ ոչ թե ընտրական տեղամասերում։
Արդեն մամուլում լուրեր են պտտվում առ այն, որ ՔՊ-կանները լծվել են ընտրություններում «հարց լուծողների» հավաքագրմանը։ Իսկ դրանք մարդիկ են, ում համար փողն է միակ սրբությունը, ինչը ցույց են տվել ոչ մեկ անգամ, տարբեր ժամանկներում և տարբեր ուժերի դեպքում։ Այդ առիթով ասենք, որ անկախ նրանից, թե ով կկազմակերպի արտահերթ ընտրությունները և ովքեր կմասնակցեն դրանց՝ թող յոթը պորտով անիծյալ լինեն այն մարդիկ և ուժերը, ովքեր կկեղծեն ընտրությունները, բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառք կբաժանեն ու իրենց ձայնը փողով կվաճառեն։
Հ․Գ․ Ի դեպ, անեծքների մասին։ Այս իշխանությունները առօրեական են դարձրել անեծքն ու հայհոյանքը, ուրեմն թող կքեն իրենց ուղղված անեծքների տակ, որոնք չեն դադարելու, քանի որ ոչ ոք երբեք չի մոռանալու իր զոհված երեխուն կամ իր կորցրած հայրենի հողը։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Ի վերջո ո՞վ կհաղթի
- Լիա Իվանյան. Վարպետության դաս էքս-նախագահից
- Լիա Իվանյան. Ինքնախաբեություն
- Լիա Իվանյան. Բանակը ժողովրդի կողքին
- Լիա Իվանյան. 52 տոկոսի ժամը
- Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր
- Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել
- Լիա Իվանյան. Թմբիրի մե՞ջ ենք ապրում
- Լիա Իվանյան. Նժարին է պետությունը պահելու խնդիրը
- Լիա Իվանյան. Զրահապատ ընտրություննե՞ր
- Լիա Իվանյան. Ոչինչ չպետք է մոռացվի
- Լիա Իվանյան. Երբ թուրքի շահն է գերիշխում
- Լիա Իվանյան. Հարգենք 1,5 միլիոնի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին