ՀՀ ԱԳ նախարար․ Եռակողմ հայտարարությունը չի հասցեագրում կարգավորման առանցքային տարրերը, որոնցից առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը
«Եվրոպական անվտանգության համար այս դժվարին ժամանակներում հենց Ձեր երկիրը՝ Շվեդիան, որի՝ միջազգային խաղաղության համար կատարած ներդրումը հայտնի է բոլորիս, ստանձնել է կազմակերպության ղեկավարումը»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հավելելով, որ ցավալի է, որ նախորդ տարվա սեպտեմբերին այցը հետաձգվեց՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով։
«Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում Հելսինկիի ակտի կոպտագույն խախտում էր։ Պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում էթնիկ զտումներ ու պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ»,-ասաց ԱԳ նախարարը, հավելելով, որ անգամ ռազմական գործողությունների ավարտից 4 ամիս անց՝ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ գերևարության մեջ պահելով հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։
ԱԳ նախարարը նշեց, որ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների տեղափոխումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում։
«Այսկերպ ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ․ զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը, և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ-ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա միանշանակ դատապարտման»,-ասաց Արա Այվազյանը։
ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ
հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։
«Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։ Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։ Հակամարտության քաղաքական լուծման վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների հիման վրա»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
«Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Այսօր նույնպես մենք ամբողջովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որ խաղաղությունը և իրական հաշտեցումը կարող են բերել մեր տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ:
Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ», -ասաց Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ գործող նախագահ․ Կրկնում եմ բոլոր կողմերին իմ կոչը՝ հարցերը լուծել խաղաղ ճանապարհով
- Անն Լինդե․ Հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կլինի առաջ գնալու հակամարտության լուծման գործընթացում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան