ՀՀ ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են զորավարժություններ
Մարտի 16-ին ժամը 09.00-ից ՀՀ Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարա-մասնագիտական համատեղ զորավարժություններ: Այս մասին ֆեյսբուքյան ուղերձում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
«Զորավարժություններին ընդգրկված զորամասներն ու ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների և դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ:
Ծավալվել են զինված ուժերի զորամիավորումների և զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճնշման, ինչպես նաև ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:
Անցկացվող զորավարժությունների նպատակներն են՝ ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մատունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ստուգել զինված ուժերի օպերատիվ մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում և ճշգրտել հատիքային տրված ուժերի և միջոցների փոխգործակցության հարցերը»,- նշել է նա։