Շվեդիան ռեզիդենտ դեսպանություն կունենա Հայաստանում
Ընթացիկ տարվա ապրիլ-օգոստոսին Հայաստանը ստանձնելու է ԵԱՀԿ որոշում ընդունող մարմիններից մեկի՝ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այս համատեքստում մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք սերտորեն համագործակցել ԵԱՀԿ շվեդական նախագահության հետ՝ քաղաքական-ռազմական ոլորտում կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ»,-ասաց Այվազյանը։
Նախարարը նշեց, որ կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգին, հավելելով, Հայաստանին ու Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ և այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու տեսլականը:
«Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն էր անդրադառնալու տարբեր ոլորտներում համագործակցության ներուժին և ուրվագծել դրա լիարժեք իրացման գործում համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Իհարկե, այս գործընթացում առանձնակի դերակատարություն ունի տեղում մեր դեսպանների և դեսպանությունների ակտիվ աշխատանքը և այս տեսակետից կուզենայի ողջունել ՀՀ-ում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գործում շվեդական կողմի ցուցաբերված աջակցությունը:
Տիկին Լինդեի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Ընդունելով գործընկերոջս շնորհավորանքները ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնեցի, որ համաձայնագրի լիարժեք իրականացումը նոր հնարավորություններ կընձեռի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա ամրապնդման համար»,-ասաց Այվազյանը։