Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն այսօր էլ հետաձգվեց
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական այսօրվա նիստն էլ հետաձգվեց։ Նշենք, որ այս գործով նիստերը հետաձգվում են արդեն չորրորդ անգամ։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, մարտի 15-ին դատարան է ստացվել Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումը, որով տեղակցրել է, որ պարոն Օհանյանը դեռևս հոսպիտալացված է ու այս դատական նիստին ներկա լինել չի կարող։
Նիտին ներկա չէր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատավորի հարցին ի պատասխան փաստաբան Արամ Վարդևանյանը մանրամասնեց՝ հաշվի առնելով այն տեղեկությունը, որ Սեյրան Օհանյանը չի կարող մասնակցել դատական նիստին, ինքն է խորհուրդ տվել պարոն Քոչարյանին չներկայանալ դատական նիստին։
Բացի այդ, Վարդևանյանն ասաց, ինքն էլ ունեցել է առողջական թեթև խնդիրներ, հանձնել է կորոնավիրուսի թեստ, այսօր առավոտյան ստացել է պատասխանը, բացասական է։
«Նաև սա հաշվի առնելով, ես առաջարկեցի պարոն Քոչարյանին չմասնակցել այս դատական նիստին՝ իմանալով, որ պարոն Օհանյանը այսպես թե այնպես չէր ներկայանալու։ Սակայն եթե դատարանը նպատակահարմար գտնի նախագահի ներկայությունը, ես կխնդրեմ 10-15 րոպե ընդմիջում՝ տեղեկացնելու նրան, որ իմ առաջարկած մոտեցումը ճշգրիտ չէր և կխնդրեմ ներկայանալ»,-ասաց Վարդևանյանը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ առկա պայմաններում նիստը չի կարող շարունակվել։
«Այդ պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվում է»,-ասաց նա։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը խոսքի հնարավարորություն խնդրեց, հայտարարեց՝ միջնորդություն ունի, որը կարող է հանգեցնել դատավարական հետևանքների։ Նա առաջարկեց քրեական գործն, ըստ ամբաստանյալների, անջատել ու առանձին վարույթներում քննել։
«Տարբեր պատճառաբանություններով այս քրեական գործն ուղղակի չի քննվում»,-հիմնավորեց դատախազը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը դատավորին ու իրենց դատավարական հակառակորդներին տեղեկացրեց, որ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 23-ին ժամը 11։00-ին ՍԴ-ում քննվելու է Ռոբերտ Քոչարյանի ու ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։
«Կարծում եմ՝ այս հանգամանքը պետք է հաշվի առնենք, հարգելի դատարան, հաջորդ նիստը նշանակելու տեսանկյունից։ Ես ինքս ՍԴ-ում ներկայացուցիչ եմ։ Կարծում եմ՝ որոշակիորեն կարող է խոչընդոտել»,-ասաց Վարդևանյանը։
Դատավոր Դանիբեկայնն այս լսելուց հետո հայտարարեց, դատարանը գտնում է, որ հաջորդ դատական նիստը երեքշաբթի օրը նշանակելու համար որևէ խոչընդոտ առկա չէ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց
- Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ. նիստը հետաձգվեց
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան