Երկրորդ կյանք ստացած վիրավոր զինծառայողները երկրորդ կյանք են տալիս թիթեռներին
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վերջին պատերազմից վիրավորում ստացած զինծառայողներից շատերը իրենց համար նոր զբաղմունք են գտնում: Նրանց համար կազմակերպվում են տարբեր դասընթացներ: Տղաները հիմա թիթեռներից կոմպոզիցիաներ են պատրաստում:
Զինվորների ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կայանալու է ապրիլի 3-ին, ժամը 16:00 Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Այն բարեգործական է. տղաները որոշել են վաճառքի ամբողջ հասույթը փոխանցել հենց Զինվորի տանը:
Հենրիկ Շաքարյանը սպա է, հրազենային վիրավորում է ստացել Արցախի հյուսիսային սահմաններից մեկում: Այժմ Վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում:
Հենց այստեղ էլ առաջին անգամ ուժերն է փորձում արվեստի բնագավառում:
«Թիթեռներից կոմպոզիցիաներ ենք պատրաստում: Այս աշխատանքն ինձ շատ դուր եկավ, քանի որ բոլոր բուժումներից, պարապմունքներից հետո զբաղվելով թիթեռներով՝ հանգստանում ես, ցրվում: Ավելի շատ հոբբի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է հետախույզ Հենրիկը:
Սպա Գևորգ Կարապետյանը ծառայել է Արցախի հարավային զորամասերից մեկում: Պատերազմի առաջին իսկ օրվանից գտնվել է մարտադաշտում: Հոկտեմբերի 25-ին վիրավորվել է հակառակորդի ինքնաթիռի հարվածից:
Գևորգին թիթեռներով աշխատանքը նույնպես հանգստացնում է:
«Մեր թիմը նպատակ ունի այս աշխատանքը հետագայում էլ շարունակել»,- նշում է սպան:
Ժամկետային զինծառայող Հայկ Ժամկոչյանը հրազենային վիրավորվում է ստացել հոկտեմբերի 16-ին Հադրութի հատվածում: Հայկը եղել է «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներից: Այս տարվա հունվարի 27-ին պետք է զորացրվեր:
«Պատերազմը երբ սկսվեց, մենք դիրքերում էինք, գործ էինք անում, նկատեցի վերևում մի բան տրաքեց: Մերոնք իրենց անօդաչուն էին հարվածել: Ու այդպես սկսվեց: Ամեն ինչ հանկարծակի սկսվեց:
Մեզ վրա շատ էին կրակոցները: Փորձում էինք նահանջել, վերախմբավորվել ու նորից հարձակվել: Նահանջելու ժամանակ էլ դիպուկահարն ինձ խոցեց: Ընդհանուր վաշտում ունեցանք 5 զոհ, 6 վիրավոր: Մեզ դուրս բերելուց հետո մեր տղաները կարողացել են թշնամու զորքին հետ շպրտել»,- պատմում է նա։
Հայկը մասնագիտությամբ էներգետիկ ինժեներ է, թիթեռների հետ աշխատանքն իրեն շատ է գրավել, Վերականգնողական կենտրոնից դուրս գալուց հետո էլ կցանկանա շարունակել այդ աշխատանքը:
«Ինձ դուր է գալիս թիթեռների բազմազանությունը, գունային երանգները: Թիթեռների հետ աշխատանքը մի ուրիշ աշխարհ է տեղափոխում, հաճելի է»,- ասում է նա:
Կամավոր Պետրոս Էֆենջյանին հենց սկզբից դուր է եկել թիթեռներից կոմպոզիցիա պատրաստելու գաղափարը:
«Մտածեցի, որ կհանգստանամ, մանավանդ սիրում եմ աշխատել մանր դետալներով: Ապագայում այս աշխատանքը շարունակելու պլաններ կան, սակայն չեմ կարող 100 տոկոսով ասել՝ կախված կլինի ցուցահանդեսի վաճառից, արձագանքներից, իմ բուժման արդյունքից:
Հանգստանում եմ այս աշխատանքի ժամանակ: Ավելի շատ լինում եմ իմ բարի մտքերի հետ: Նաև գիտակցում եմ, որ լավ, բարի գործ ենք անում, ինչն ինձ ավելի հաճույք է պատճառում»,- ասում է նա:
Պետրոսը մեկ ամիս է Վերականգնողական կենտրոնում: Մինչ այս երեք ամիս «Էրեբունի» ԲԿ-ում է բուժում ստացել:
Նա պատմում է, որ կամավորագրվել է հենց պատերազմի առաջին օրը, վիրավորվել է հոկտեմբերի 14-ին հակառակորդի ինքնաթիռից: Մարտական գործողությունների է մասնակցել Քարվաճառում:
«Հակառակորդի ինքնաթիռը հարվածեց մեր թաքստոցին, տղաներից մի քանիսը զոհվեցին, մի քանիսս էլ վիրավորվեցինք: Հեշտ չի եղել ինձ տեղափոխելը: Աշխարհագրական դիրքն էր անհարմար, ինձ էլ անհրաժեշտ էր արագ առաջին բուժօգնություն: Չէինք կարող մայրուղով գնալ, քանի որ հարվածում էին: Գրունտային ճանապարհով ենք գնացել, 3-4 ժամ է տևել, ինձ համար ցավոտ էր: Փառք Աստծո, ողջ մնացինք»,- հիշում է Պետրոսը:
Նա պատերազմի նման ելք չէր սպասում, թեև միշտ էլ ամենավատի մասին մտածել է:
«Այդ օրը հիվանդանոցում էի, քնած էի: Առանց ցավազրկողի, քնաբերի չէի կարողանում քնել: Երբ արթնացա, աղմուկ էր, մարդիկ ասացին, որ կորցրել ենք հողերը: Այդ լուրն ավելի ծանր տարա, քան այն, որ ես չեմ քայլում: Մի քանի ներարկում արեցին, բայց էլի չէի կարողանում քնել»,- այդ ծանր օրերը հիշելով՝ ասում է Պետրոսը:
Մասնագիտությամբ աշխարհագրագետ, սպա Վարդան Վարդանյանի մոտ հենց առաջին օրվանից էլ ստացվել է թիթեռների հետ աշխատանքը:
Աշխարհագրագետ Վարդանը երբևէ չէր մտածի, որ մի օր թիթեռների հետ «գործ» կունենա։ Պատերազմի դառնություններն ու դաժանությունը տեսնելուց հետո էլ նա փորձում է կատակել։
«Հիմա դարձել եմ մասնագիտությամբ թիթեռներով կոմպոզիցիա պատրաստող», - ծիծաղելով ասում է Վարդանն ու ավելացնում.
«Վերականգնողական կենտրոնից դուրս գալուց հետո էլ, ամենայն հավանականությամբ, կշարունակեմ այս գործը, քանի որ շատ հոգեհարազատ է, դարձել է հոբի:
Թիթեռների հետ աշխատելու ընթացքում տարբեր բաների մասին եմ մտածում, սակայն հիմնականում ոչ տխուր, ոչ պատերազմական օրերի մասին: Չեմ ուզում թիթեռներին այդ վատ ինֆորմացիայով ծանրաբեռնել»։
Նա վիրավորել է հոկտեմբերի 10-ին հակառակորդի «Բայրաքաթարի» հարվածից: Վնասվել է թոքը, ձեռքը, ողնաշարը: Վարդանն այժմ միայն ողնաշարի խնդիր ունի:
«Ցանկացած պահի պատաստ ենք եղել պատերազմի: Մեզ շատ բաներ խանգարեց այս պատերազմում, նաև օգնեց: Մի քիչ ավելի շատ քաղաքական թեմաներ են, չեմ ուզում ծավալվել: …
Տարբեր ելքերի միշտ էլ սպասում ես՝ և լավ, և վատ»,- նշում է Վարդան Վարդանյանը:
Սպային իր զինվորներն են կրակի դաշտից հանել ու շատ վատ պայմաններում։
«Կողքերս տրաքում էին արկեր, շուրջբոլորը պայթյուններ էին: Զինվորներս են հանել ու հասցրել հոսպիտալ»,- նշում է Վարդանն ու ավելացնում, որ ծանր վիճակում եղած ժամանակ իրեն հոգեբանական առումով շատ են օգնել հատկապես իր ծառայակից ընկերների հետ զրույցները:
Ժամկետային զինծառայող Սեյրան Սողոյանն էլ վարում է ինստագրամյան էջը, որտեղ ներկայացված են տղաների պատրաստած կոմպոզիցիաները:
«Արձագանքը շատ լավ է, բավականին ակտիվ առաջ ենք գնում: Հիմնական ցանկացողներն արտերկրից են, ինչը մեզ ավելի է ոգևորում: Ցուցահանդես-վաճառից հետո աշխատելու ենք նաև այդ ուղղությամբ՝ ուղարկելով արտերկիր, առաքելով մարզեր»,- մեզ հետ զրույցում ոգևորությամբ ասում է Սեյրանը:
Նա վիրավորել է հոկետմբերի 5-ին Ջաբրայիլում թշնամու դիպուկահարի գնդակից:
«Մասնագիտությամբ տանկիստ եմ, տանկից հերթական անգամ կրակելու ժամանակ դիպուկահարը հարվածեց: Դժվար էր ինձ այնտեղից տեղափոխելը, բայց ի շնորհիվ ծառայակից ընկերների՝ կյանքս հնարավոր եղավ փրկել»,- նշում է Սեյրանը:
Այնուհետև զրուցեցինք նախագծի հեղինակ և խմբի անդամ Հելեն Առաքելյանի հետ։
Նա պատմում է, թե ինչպես որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Մտածում էի՝ ինչ կարող եմ անել տղաների կողքին լինելու համար և ինչը կօգնի նրանց: Ես այս աշխատանքով արդեն 10 տարի է չէի զբաղվում: Հասկացա, որ տղաներին կօգնի այս աշխատանքը, քանի որ ձեռքի աշխատանքը հանգստացնում է նյարդային համակարգը, նաև գեղեցիկը, ստեղծագործելու ընթացքը զբաղեցնում է մարդու միտքը: Իրենց շատ ուրախացնում է ստեղծագործական աշխատանքը, գեղեցիկը: Ես չսխալվեցի:
Սկզբում շատերն էին տարակուսանքով նայում՝ թիթեռ, զինվոր… Բայց երբ հանդիպեցինք, զրուցեցինք, հասկացա, որ պետք է անենք:
Թիթեռների հետ աշխատանքի ընթացքում հասկացա, թե որն է այս տղաների ուղերձը ժողովրդին. ինչպես այնտեղ էին առաջին դիրքում կռվում, պաշտպանում հայրենիքը, հայրենասիրության վառ օրինակներ էին, այսպես էլ հիմա: Այս աշխատանքներն իրենք անում են ոչ միան ի բարօրություն իրենց, որ զբամունք լինի, ավելի լավ զգան, այլ ուզում են ողջ հասույթը փոխացնել այս կենտրոնին: Թվում է, թե իրենք ունեն օգնության կարիք, բայց իրենք ուզում են օգնել իրենց ընկերներին, որոնք բուժում են ստանում այստեղ»:
Նրա խոսքով, տղաներին հեշտ չի տրվում այս գործերը, շատ մանրակրկիտ աշխատանք է. «Ինչքան պետք է ունենաս հոգու արիություն, բարիություն, որպեսզի այսօր այսպես տքնաջան աշխատեն, շատ դեպքերում անտեսում են իրենց ցավը, որպեսզի գումար աշխատեն և հատկացնեն կենտրոնին, որպեսզի իրենց եղբայր զինվորները նույնպես կարողանան կենտրոնում օգնություն ստանալ»:
Մասնագիտությամբ ուսուցչուհի Հելենը Հայաստան է եկել երկու ամիս առաջ Լոս Անջելեսից՝ տղաներին ինչ-որ բանով աջակցելու նպատակով։
Նա նշում է, որ կոմպոզիցիաներում օգտագործվող թիթեռները բուծվում են բուծարաններում, հիմնականում պատվիրում է Ֆլորիդայից, Կանադայից, կան թիթեռներ, որոնք 1982 թվականից սառեցված, չորացված էին, մնացել էին պահեստներում:
Հելենը տղաներին սովորեցնում է ամեն ինչ։ Նրանք խնձորենու, տանձենու, կեռասենու, յասամանի ճյուղերը հղկում են, լաքապատում, չորացնում, որից հետո դիզայներները որոշում են, թե ինչպես պետք է ստեղծվի կոմպոզիցիան: Թիթեռներին որևէ գույն չեն տալիս, մշակում են միայն մարմինները, որպեսզի չփտեն:
«Տղաները սիրով են անում այս աշխատանքը: Ուժեղ, քաջ տղաներին հանգստացնում է այսքան նուրբ թիթեռների հետ աշխատանքը:
Վիրավոր զինվորներն այստեղ՝ Վերականգնողական կենտրոնում, ստանում են երկրորդ կյանք ու կյանք են տալիս թիթեռներին: Երբեմն թիթեռները վնասվում են, տղաները չեն ուզում գցել, ասում են՝ մեզ նման վիրավոր են, պետք է օգտագործենք, փորձենք բուժել իրենց: Այս տղաները վերարժևորում են ամեն ինչ»,- ասում է Հելեն Առաքելյանը:
Հեղինակ՝ Տաթև Մանուկյան
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան