«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանի կատարողականը կազմել է 63.5%. Նման վատ ցուցանիշ որևէ քաղաքային իշխանություն երբևէ չի արձանագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Երևանի ավագանու նիստ, որի ժամանակ քննարկվելու է նաև 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի որ մասն է հավաքագրվել, և հավաքվածի որ մասն է ծախսվել։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2020թ. նախատեսված ծախսերի 36.5%-ը Երևանի քաղաքապետարանը չի կատարել. կատարողականը կազմել է 63.5%: Նշենք, որ սրանից վատ ցուցանիշ Երևանի որևէ քաղաքային իշխանություն երբևէ չի արձանագրել: Իհարկե, որպես պատճառ՝ մատնանշվում են կորոնավիրուսն ու արցախյան պատերազմը. այդ պատճառներից ձախողման էությունը չի փոխվում:
Մեկնաբանության մեջ նշվում է. «Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաև COVID-19 համավարակի հետ արտակարգ և ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ»: Իսկ, ահա, 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73,364,346.2 հազար դրամ՝ ծրագրված (ճշտված) 84,941,605.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.4%:
Իսկ անդրադառնալով Երևանի վարչական շրջանների բյուջեի կատարողականին՝ նկատենք, որ ամենացածր արդյունավետությունն Արաբկիր վարչական շրջանինն է՝ 73.6 տոկոս, իսկ լավ ցուցանիշներ ունեն երկու վարչական շրջան՝ Շենգավիթն ու Աջափնյակը՝ 81.7 տոկոս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: