Օդանավը վերադարձնելու հարցում կան տեխնիկական խնդիրներ. ԱԱԾ տնօրենի տեղակալ
«Մեդիա դաշտում մենք ունենք բավականին ագրեսիվ ձևով տարածվող ստեր..., և հիմա դրանցից մեկը՝ Գագիկ Սողոմոնյանը, առանձին խնդիր է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «ֆեյքերի որսին»։
Անդրադառնալով Թեհրանում վայրէջք կատարած «Boeing»-ի հարցին՝ նա ասաց, որ օդանավի զավթման գործով կա հարուցված քրեական գործ, հիմա աշխատաքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի։ Նա նշեց, որ կան տեխնիկական խնդիրներ, բայց Թեհրանի հետ կա համաձայնություն՝ օդանավը վերադարձնելու հարցի շուրջ։
Հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ հիմնական խնդիրը իշխանական պատգամավորների անվտանգությունը պահելն է, արդյո՞ք չկան ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ Սյունիքի անվտանգությունը, Տիգրան Հարությունյանը հարցով պատասխանեց, նշելով՝ իսկ ո՞վ ասաց, որ լուրջ խնդիրները չեն լուծվում։
«Սահմանապահ զորքերն իրենց խնդիրը կատարում են, այս պահին մեր առկա ռեսուրսների սահմաններում ամեն ինչ արվում է։ Մենք չունենք չլուծվող խնդիրներ այս պահին»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ ՀՀ առաջին նախագահն, օրինակ՝ առաջարկում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա ու գնա արտասահման՝ ստանալով անվտանգային որոշակի երաշխիքներ, այդ հարցի շուրջ ԱԱԾ-ն ի՞նչ դիրքորոշում ունի, ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալն արձագանքեց. «Դա առաջին նախագահի կարծիքն է, ԱԱԾ-ն ի՞նչ պիտի անի»։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին ուղեկցող դիպուկահարներն այդքան ակնհայտ ցուցադրվում, Տիգրան Հարությունյանը պատասխանեց՝ ասելով, որ դա այլ խնդիր է։
Դիտարկմանը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ահազանգել էր, թե ԱԱԾ-ի վրա քաղաքական հրահանգներ են իջեցվում, ԱԱԾ տնօրենի տեղակալը արձագանքեց. «Չեմ հիշում, որ նա քաղաքական հրահանգներ իջեցնելու մասին է խոսել, չեմ կարող ասել»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե պատերազմի օրերին եղել են դեպքեր, երբ մարդիկ մոտեցել են զորքին ու ասել՝ այդ դիրքը հանձնված է, պետք է նահանջել՝ ԱԱԾ ներկայացուցիչը նշեց, որ ԱԱԾ-ում քրեական գործեր են հարուցվել.
«ԱԱԾ քննչական դեպարտամենտում առկա է քրեական գործ, որի շրջանակում քննվում են այն բոլոր հանգամանքները, որոնք վերաբերում են որոշակի տարածքների հանձնմանը, կամ հրամանատարների կողմից ոչ իրավաչափ գործողությունների կատարմանը, կամ համապատասխան հրամաններ տալուն ու չտալուն վերաբերող հարցերին։ Քննվում է քրեական գործ, որը հարուցվել է ռազմական դրության պարագայում մարտական գործողություններին մասնակելուց հրաժարվելու առթիվ։ Ուրիշ որևէ տեղեկություն չենք կարող հրապարակակել»։
Հարակից հրապարակումներ`
- «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց
- Իրանը հերքել է իր օդային տարածքում Boeing-737 օդանավի անհետանալու մասին լուրերը
- Կա նախնական համաձայնություն Boeing-ը Թեհրանից Երևան տեղափոխելու համար
- 2010 թվական. Գնահատում են բլոգերները. Գագո-բեռլին(gago-berlin)