Դավիթ Բաբայանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ
Մարտի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։
Արցախի ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։
Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է։ Դավիթ Բաբայանն ընդգծել է քաղաքական առևտրում գերության մեջ գտնվող անձանց և նրանց հարազատների տառապանքների օգտագործման անթույլատրելիությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ Գործող նախագահին կոչ է արել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների անշեղ իրականացմանը։
Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին այնպիսի կենսական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են աջակցության տրամադրումը պատերազմի արդյունքում տեղահանված մարդկանց և հայկական մշակութային ժառանգության պահպանումն Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳ նախարար․ Եռակողմ հայտարարությունը չի հասցեագրում կարգավորման առանցքային տարրերը, որոնցից առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը
- ԵԱՀԿ գործող նախագահ․ Կրկնում եմ բոլոր կողմերին իմ կոչը՝ հարցերը լուծել խաղաղ ճանապարհով
- Անն Լինդե․ Հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կլինի առաջ գնալու հակամարտության լուծման գործընթացում
- Ադրբեջանը հայտարարում է` բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածներրը ռազմագերիներ չեն»
- Ալիևը հայտարարում է՝ «հակամարտությունն անցյալում է, կողմերը պետք է նայեն դեպի ապագա»