Ռոբերտ Քոչարյան. Կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» հիմնադրամի հեղինակությունը
Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ մասնակցեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին։
Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։
Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։
Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:
Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։
Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։
Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։
Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են:
Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ ոպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։
«Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»։
РУС, ENG ⬇️ Երեկ մասնակցեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին։ Քննարկվում էր...
Опубликовано Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan Вторник, 16 марта 2021 г.
Հիշեցնենք, որ այսօր հիմնադրամի մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված էր.
««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, անցավ կառուցողական մթնոլորտում, և հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։
Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։
Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Հիմնադրամի 107 մլն դոլարից վճարվել են աշխատավարձեր, պարգևավճարներ և կանխիկացումներ են արվել. Արա Վարդանյան
- Օրը ցերեկով դրել 107 միլիոն դոլար լափել եք ու ձեզ թվում ա, որ մարսելու՞ եք. Արա Վարդանյանը՝ իշխանություններին
- Վարուժան Ավետիքյան. Մենք չունենք գումարներ, բայց նաև պլան Բ չունենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին