«Հայաստանը որոշել է չմերժել նաև «Novavax» պատվաստանյութի ներկրումը, որը դեռևս արտոնագրված էլ չէ»
«Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ հնարավորություն կա դառնալու այս կամ այն ընկերության զոհը, և բնական է, որ ՌԴ-ն ուզում է իր «Sputnik V» պատվաստանյութը վաճառել, «AstraZeneca»-ն իր պատվաստանյութն է գովազդում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությանը։
Նրա խոսքով, առողջապահական ամսագրերից մեկը՝ «Լանցետ», հետազոտական հոդված է հրապարակել, որում նշվում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութերից ամենաարդյունավետը ռուսական «Sputnik V»-ն է։ Բայց և այնպես, Հայաստանը պատվաստանյութերի մրցավազքի մեջ որոշել է նախընտրությունը տալ «AstraZeneca»-ին։
«Կարծում եմ, որ մեր նախարարությանը չեն տվել այլընտրանք, քանի որ մենք ունենք պարտականություններ ԳԱՎ-ի հիմնադրամի առջև։ Երեկ իր ֆեյսբուքյան ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալն ասում էր՝ ոչինչ, որ «AstraZeneca»-ի արդյունավետությունը 70 տոկոս է, իսկ «Sputnik V»-ինը՝ 90 տոկոս...։
Խնդիրն այն է, որ եթե մենք կարող ենք ձեռք բերել 90 տոկոս արդյունավետություն ունեցող պատվաստանյութ, ինչո՞ւ ենք մյուսը ձեռք բերում, որն, ի դեպ, եվրոպական 13 երկրներում արգելվել է օգտագործել։ Ինչ ձեռքներն ընկել է, բերել են՝ առանց հաշվի առնելու պավաստանյութի արդյունավետությունը»,- կարծիք հայտնեց բժիշկը։
Նա նշեց նաև, որ երեկ տեղի է ունեցել տեսակոնֆերանս, որի ընթացքում Հայաստանը որոշել է չմերժել նաև «Novavax» պատվաստանյութի ներկրումը, որը դեռևս արտոնագրված էլ չէ։
«Մեր առողջապահության նախարարության համար միևնույն է՝ ինչով կպատվաստվի մեր ժողովուրդը, և նման վերաբերմունքը պատվաստանյութերի հանդեպ արժեզրկում է պատվաստումների երևույթը։ Նման կասկածելի արդյունավետություն ունեցող պատվաստանյութերի ներկրումը հետ է պահում հասարակությանը պատվաստվելու մտքից»,- նշեց նա։
Բայց և այնպես, ըստ Գևորգ Գրիգորյանի, մարդկանց մի մասը գիտակցված գնալու է պատվաստման, մի մասն էլ՝ զգուշավորություն է ցուցաբերելու։
«Մարդիկ կան, որ անգամ այն պատվաստումներին չեն վստահում, որոնք տասնյակ տարիներ ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Եվ նշեմ՝ ես դեմ եմ, որ «AstraZeneca» պատվաստանյութն օգտագործվի Հայաստանում, և չեմ ուզում, որ դեռ չարտոնված «Novavax»-ը արդեն հավանություն ստանա։ Ինձ թվում է, որ մեր առողջապահական համակարգի ներկայացուցիչներն ուղղակի չեն կարողանում ոլորտում աշխատել, չեն կարողանում ո՛չ ռազմավարություն մշակել, ո՛չ էլ ռիսկերի գնահատում անել։ Այս մարդիկ անգործունակ են»,- կարծիք հայտնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը
- ԵՄ կարգավորիչը մարտի 18-ին կվերանայի «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ տվյալները
- Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը AstraZeneca պատվաստանյութով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները