«Ժողովուրդ». Դատական համակարգում նոր փոթորկումն անխուսափելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանում գործունեություն ծավալող շատ դատավորների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացել, ինչը պայմանավորված է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի փաստացի անգործությամբ։ Խնդիրն այն է, որ իշխանությունը թիրախավորել է դատավորներին իրենց ցանկալի դատավճիռները չկայացնելու համար, իսկ ԲԴԽ-ն որևէ ձևով չի արձագանքում այն դեպքում, երբ այդ կառույցի գործառույթներից մեկն է դատավորներին ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ հանրային ճնշումից զերծ պահելը:
Նշված պահանջն այս պահին չի իրագործվում, քանի որ ԲԴԽ գիտնական-անդամները չեն ընդդիմանում իրենց ընտրած իշխանությանը, համարում են, որ նորմալ է, երբ քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս դատավորներին ամենատարբեր ձևերով: Ու ստացվում է, որ դատավորները մնացել են միայնակ իրենց անկախության ճանապարհին:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մարտի 26-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները կբարձրաձայնեն ԲԴԽ գիտնական-անդամների՝ քաղաքական իշխանությանը ծառայելու մասին՝ նշելով, որ թույլ չեն տա իրենց նկատմամբ որևէ ճնշում բանեցվի որևէ կողմից: Այսպիսով, դատական համակարգում նոր փոթորկումն անխուսափելի է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: