«Նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հետախուզումը Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է ՀՀ-ի հետ համագործակցությունը»
«Մարտի մեկի գործի բացահայտումն ինձ համար սկզբունքային հարց է, և ինձ իմ իշխանական գործընկերներն ասում էին, թե շուտով պետք է բացահայտումներ լինեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նկատեց, որ իշխանափոխությունից 2.5 տարի անց էլ շարունակում է անհայտ մնալ, թե 2008 թվականի մարտի մեկին ովքե՞ր սպանեցին ՀՀ 10 քաղաքացիներին, ո՞վ հրաման տվեց գնդակահարել փողոցում կանգնած ցուցարարներին։
«Հիմա ես ուզում եմ արձանագրել, որ այս ընթացքում Գլխավոր դատախաղությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հավաստիացնում էին, որ «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը խանգարում են այն մի քանի մարդիկ, որոնք բացակայում են երկրից..., բայց կյանքը ցույց է տալիս, որ ՀՔԾ-ն ու դատախազությունը չեն ընդառաջում այդ մարդկանց, որ գան»,- նշեց պատգամավորը։
Ըստ նրա, այն մարդիկ, որոնք Հայաստանը լքում էին և կապ ունեին «Մարտի 1»-ի գործի հետ, նշում էին, թե իրենք քաղաքական ճնշումների հետևանքով են գնում. նրանց թվում էր նաև նախկին գխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
«Հիմա ես կհրապարակեմ Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ Ինտերպոլի ազգային բյուրոյին։ Այդտեղ ասվում է, որ Գևորգ Կոստանյանի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին։ Իսկ այդ հոդվածում ասվում է, որ կազմակերպությանն արգելվում է քաղաքական, ռազմական, կրոնական և ռասսայական բնույթի որևէ միջամտություն իրականացնել։ Այսինքն՝ Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական, ուստի 2020 թվականի ապրիլին այդ գործը դուրս է բերվել համակարգից»,- ներկայացրեց Թագուհի Թովասյանը։
Նա ներկայացրեց, թե այդ հայտարարությունն ինչ է նշանակում։ Պատգամավորի մեկնաբանմամբ՝ դեռևս 2020 թվականի ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը, ըստ էության, մերժել է Գևորգ Կոստանյանի հետախուզումը, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն հայտարարում էին, թե հետախուզում է հայտարարված, այնինչ՝ իրենք մերժվել էին։
«Ավելին, Ինտերպոլը մերժել է մեր երկրի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այս կոնկրետ դեպքը։ Եվ Ինտերպոլի քարտուղարությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ այդ անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Բացի այդ, պատգամավորը նշեց, որ կա երկրորդ փաստաթուղթ, որն ուղղված է Ինտերպոլի աշխարհի բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի Գևորգ Կոստանյանի վերաբերյալ բոլոր տվյալները հանվեն Ինտերպոլի բազայից։
«Տեղեկատվական բազայից այդ ինֆորմացիայի հեռացումից հետո Գևորգ Կոստանյանը կարող է ազատ տեղաշարժվել»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- 2008 թ․-ի մարտի մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպողը եղել է Նիկոլ Փաշինյանը․ Սեյրան Օհանյան
- Հարգելի դատախազներ, ձեռնպահ մնացեք դավաճանների կողմից տրվելիք ապօրինի հրամաններ կատարելուց. Գևորգ Կոստանյան
- Փաստինֆո. Դատարանը բավարարել է Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները