Գները ՀՀ-ում որոշակիորեն կբարձրանան. ԿԲ նախագահ
«Կենտրոնական բանկի կողմից գնաճի վերահսկման քաղաքականությունը միտված է ապագային»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշեց, որ ԿԲ կողմից իր հիմնական գործիքի կիրառումը, որը տոկոսադրույքն է, ապագա գների վրա ազդեցություն ունի. «Ազդեցություն ունի նաև մի կոմպոնենտի վրա, որը չենք տեսնում, բայց շատ կարևոր է. դա հասարակության գնաճային սպասումներն են»:
Նա հիշեցրեց, որ 2020 թ. դեկտեմբերին, երբ ՀՀ-ում գնաճը 1,3 տոկոս էր, ԿԲ խորհուրդը որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը կտրուկ՝ 1 տոկոսով միանգամից բարձրացնել:
«Այդ ժամանակ մենք փորձեցինք հանրությանն ազդակ հաղորդել, որ մենք տեսնում ենք տնտեսությունում կուտակվող, դրսևորվող գնաճային ռիսկեր, որոնք ի հայտ են գալու որոշակի ժամանակ հետ: Ուստի ԿԲ-ն, հավատարիմ լինելով իր որդեգրած քաղաքականությանը, արդեն դեկտեմբերին փորձում էր արձագանքել 2021 թվականի փետրվարի գների թանկացումներին»,- ասաց Մ.Գալստյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%:
«Այսօր, մեր գնահատականների համաձայն, կարծում ենք, որ Հայաստանում գնաճը որոշակիորեն դեռևս կբարձրանա, որովհետև մենք տեսնում ենք այդ պոտենցիալը: Բայց, կարծում ենք, տոկոսադրույքի այն մակարդակը, որ այժմ կա, համապատասխանում է միջնաժամկետում մեր կողմից որդեգրված քաղաքականության թիրախին հասնելու համար:
Այսինքն, ԿԲ-ն այսօր տոկոսադրույքը բարձրացնելով չի կարող ազդել ներկայիս գնաճի վրա, ուստի ԿԲ-ն այս անգամ ձեռնապահ մնաց տոկոսադրույք փոխելուց հենց այդ պատճառով: Մեր կարծիքով, գնաճի փոփոխություն տեղի է ունենալու, բայց կարճաժամկետ բնույթ է կրելու: Մեզ հույս է ներշնչում, որ մենք մեր ազդակներով կկարողանանք գնաճային սպասումները պահել խարսխված, որը թույլ կտա մեզ առանց հասարակության համար հավելյալ ծախսեր ստեղծելու այս իրավիաճակը հաղթահարել ու հաջորդ տարի ունենալ այն, ինչ պարբերաբար ունենում ենք»,- ասաց ԿԲ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ունենք վարկերի 11 տոկոս աճ. Մարտին Գալստյան
- Զոհվածների և նրանց հարազատների վարկերը մոտ 2 մլրդ դրամի չափով ներվել են. ԿԲ նախագահ
- ԿԲ-ն վերանայել է ՀՀ-ում 2021 թվականի տնտեսական աճի ցուցանիշը
- ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռևս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով