Կապիտալ շինարարությունից հետո մարզական քոլեջում կիրականացվեն միջազգային ծրագրեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության և արդիականացման աշխատանքներ:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նախարարի տեղակալը քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի հետ շրջել է շինհրապարակում և ծանոթացել ընթացող աշխատանքներին: Վ. Գալուստյանը նշել է, որ հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, նախատեսվում է կառույցը շահագործման հանձնել սեպտեմբերին: Այն լինելու է ժամանակակից լուծումներով, միջազգային չափանիշներին համապատասխան կահավորված և հաշմանդամություն ունեցող մարզիկներին հարմարեցված շինություն. առաջին հարկում կգործեն գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, իսկ մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ շուրջ 150 մարզիկի համար, նախատեսվում է ունենալ նաև ամֆիթատրոն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նկատել է, որ աշխատանքները բարեհաջող ավարտելու դեպքում քոլեջը կարող է ընդունել ինչպես Հայաստանի հավաքական թիմերի, այնպես էլ արտասահմանյան ուսումնամարզական հավաքներ, իրականացնել միջազգային ծրագրեր.
«Միջազգային չափանիշներին համապատասխան մարզական քոլեջ ունենալու անհրաժեշտության և կարևորության մասին խոսելն իսկ ավելորդ է: Քոլեջն իր մեծ ավանդն ունի հայկական սպորտի զարգացման գործում, բայց չպետք է կանգ առնենք, անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց: Ակնկալում եմ, որ մոտ ապագայում այստեղ կլինեն բարձրակարգ մարզիկ դառնալու և մրցունակ կրթություն ստանալու համար ժամանակակից բոլոր պայմանները»:
Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը վստահեցրել է, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո էլ քոլեջի զարգացման և տարածքի բարեկարգման ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը եղել է նաև քոլեջի ուսումնական մասնաշենքում և մարզադահլիճներում, հետևել դասապրոցեսին: Հաջորդիվ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզօջախի աշխատակիցների հետ:
Աշխատանքային քննարկման ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է նրանց սոցիալական փաթեթ տրամադրելու, ֆինանսական, սպորտային բժշկության վերաբերյալ և աշխատակիցներին հետաքրքրող մի շարք այլ հարցերի:
«Կորոնավիրուսի համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ այս տարին ֆինանսական տեսանկյունից բարդ է լինելու, բայց աշխատանքները կանգ չեն առնի, իսկ եղած միջոցները կօգտագործվեն խելամիտ: Բոլոր ուղղություններով ծավալուն աշխատանքներ ենք իրականացնում. մոտ ապագայում Երևանում կգործի սպորտի բարձրագույն վարպետության դպրոց, աշխատանքներ են տարվում նաև մարզիչներին սոցիալական փաթեթ տրամադրելու ուղղությամբ»,- ասել է Կ. Գիլոյանը և հավելել՝ մի շարք ծրագրեր, կանոնակարգեր վերանայման փուլում են, իսկ հնարավոր փոփոխությունները լինելու են բացառապես ի նպաստ հայկական սպորտի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները