Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս
Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը:
Ըստ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության, մի խումբ հայ ուխտավորներ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր:
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ Ադրբեջանի զինծառայողները չեն խոչընդոտում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորների մուտքը համալիրի տարածք: Անվտանգությունն ապահովելու համար եկեղեցական համալիրի մոտակայքում տեղակայված է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը:
Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանական համալիրներից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, 2020-ի նոյեմբերին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը նաև Ամարասի վանք այցելելիս, որը գտնվում է Արցախի սահմանազատման գծին հարող տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները 130 տոննա բեռով բարձած յոթերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Արցախի ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանական համալիր
- Ռուս խաղաղապահներն արդեն ուղեկցել են Արցախ վերադարձած շուրջ 48 840 փախստականի