Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը միջնորդել է՝ հայցի ապահովման միջոց կիրառել, որի բավարարման դեպքում Օնիկ Գասպարյանը վերականգնվում է պաշտոնում և շարունակում է զբաղեցնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը՝ մինչև դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ երեք հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։
«Քանի որ սա այնպիսի հարց է, որի վերաբերյալ դատական լիարժեք պրակտիկա չկա, կան առանձնահատկություններ, որովհետև խոսքը գնում է իրավունքի ուժով վարչական ակտի ընդունված-չընդունված լինելուն, ներկայացրել ենք երեք տեսակի հայց»,- նշել է փաստաբանը։
Ըստ նրա՝ առաջին հայցով արձանագրել են, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։
«Մյուս հայցով ասել ենք, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, ուրեմն՝ անկախ նրանից՝ ակտն իրավունքի ուժով է ընդունվել, թե ոչ, ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, ինչը նշանակում է, որ ակտն առոչինչ է և ընդունման պահից օրինական ուժ չունի, կատարման ենթակա չէ»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է երրորդ հայցին, ապա փաստաբանի փոխանցմամբ, հաշվի առնելով, որ վարչապետն իրավունքի ուժով հաստատում է մի փաստ, որ պարոն Գասպարյանն այլևս ազատված է զբաղեցրած պաշտոնից, այսինքն՝ խոսքի իրավունքի ուժով փաստի հաստատման մասին է խոսքը, հետևաբար՝ հայցվոր կողմը ենթադրում է, որ գործ ունեն իրավահարաբերության հետ և խնդրել են դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։
Ներկայացված երեք հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որոնցից այս պահին վարույթ է ընդունվել դեռևս երրորդը՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայության ճանաչման հարցով, իսկ ինչ վերաբերում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության լուծմանը, փաստաբանը դեռևս տեղեկություն չունի՝ այն բավարարվել է, թե ոչ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան