Մեծամորում 86-ամյա Ռաչիկ Հարությունյանը ցրտահարվել է տնակում. hetq.am
«86-ամյա Ռաչիկ Հարությունյանը ձմեռն անցկացրել է ցուրտ տնակում՝ հատակին փռված ներքնակին պառկած: Նրա ոտքերն ու ձեռքերը ցրտահարվել են, ինչը դժվարացնում է նրա տեղաշարժը: Ազգականները նրանով չեն հետաքրքրվում, իսկ Մեծամորի համայնքապետարանը վերջերս է տեղեկացել, որ իր համայնքում նման կարգավիճակով մարդ է ապրում: Սակայն, իմանալուց հետո էլ միայնակ թոշակառուի կյանքում ոչինչ չի փոխվել. շարունակում է ապրել ցուրտ տնակում՝ աղբի մեջ»,- գրում է hetq.am կայքը:
«Մեծամոր քաղաքի տնակային թաղամասի 16-րդ տնակի մուտքից արդեն կարելի է պատկերացնել ներսի անմխիթար վիճակը: Տնակ տանող փայտե աստիճանները կոտրված են, իսկ նախամուտքի փայտե հատակն՝ իրարից հեռացած:
Տնակի դռնից ներս ավելի գորշ պատկեր է: Շուրջբոլորն ավերակ է: Ամենուր աղբ է թափված: Դատարկ շշերն ու հագուստի կտորները ոտքերի տակ են ընկնում:
Սենյակներից մեկում շորերի կույտ կա: Առաջին հայացքից դժվար է կռահել, որ այնտեղ մարդ է պառկած: Ձայն տալուց հետո Ռաչիկ պապը մեծ դժվարությամբ գլուխը դուրս է հանում ծածկոցի տակից՝ փորձելով արձագանքել: Նա վատ է տեսնում, և միայն ձայնի ուղղությամբ է հայացքը թեքում:
Տնակում ցուրտ է: Սենյակը, որտեղ պառկած է Ռաչիկ պապը, չի ջեռուցվում: Նա դժվարությամբ է խոսում, իսկ երբ գլուխը ծածկոցի տակից դուրս է հանում, ցրտից ձայնը դողում է:
Պատմում է, որ Մեծամորի տնակային թաղամասում ապրում է 1980-ականների վերջից: Ընտանիքով բռնագաղթել են Ադրբեջանից, երբ հայերի նկատմամբ հետապնդումներ ու ջարդեր են սկսվել:
Անցյալ տարի մահացել է կինը, ու ինքը միայնակ է մնացել: Ունի որդի, որը Ռուսաստանում է, իսկ Արմավիր քաղաքում թոռնիկն է ապրում, սակայն իրենով հետաքրքրվող չկա:
Նրա ձեռքերի ոսկորներն անտանելի ցավում են, չի կարողանում մի ուղղությամբ պառկել: Անընդհատ պտտվում է, որ հարմար դիրք գտնի: Որովայնի հատվածում ևս ցավեր ունի:
«Ցրտահարվել եմ, է, բալա, ցրտահարվել: Ջուրը մոտս սառել ա, ես ո՞նց չէի ցրտահարվի»,- ասում է Ռ. Հարությունյանը:...
Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նինա Թադևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Ռաչիկ Հարությունյանի մասին վերջերս են իմացել, հարևանուհին է տեղեկացրել»,- գրում կայքը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում ցրտահարությունից մահացության դեպք է գրանցվել. Թումասյան
- «Միայն թե գյումրեցիների շրջանում ցրտահարության դեպքեր չլինեն»
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան