Ալեն Սիմոնյանը Տիգրան Ավինյանին համարեց կառավարության ղեկավար
«Գրոծընկերներիս հետ քննարկման ժամանակ եկել ենք այն եզրակացության, որ շեմը լինի ոչ այնքան բարձր, որն ի սկզբանե առաջարկել էի, այլ մի փոքր զիջում իրականացնենք»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով վիրավորանքի և զրպարտության դեպքերի համար Քաղաքացիական օրենսգրքում սահմանված փոխհատուցման չափերի բարձարացման իր օրենսդրական նախաձեռնությունը:
Նա տեղեկացրեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, բայց գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշում է կայացրել վիրավորանքի դեպքում գործող օրենսգրքով սահմանված 1 մլն դրամ փոխհատուցումը փոխարինել 3 մլն դրամի չափով՝ նախկինում իր առաջարկած 5 մլն դրամի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում 2 մլն դրամը փոխարինել 6 մլն դրամով, նախկինում առաջարկած 10 մլն դրամի փոխարեն:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ օրենքի հիմնական դրդապատճառը ոչ թե տնտեսական է, այլ վիրավորանքի և զրպարտության մասով Հայաստանում ստեղծված իրավիճակը:
«Անկեղծ ասած, ես ավելի խիստ էի տրամադրված, բայց գործընկերներիս հետ քննարկելով, եկել եմ այն եզրակացության, որ այս փուլում 3000-ապատիկը և 6000-ապատիկը բավարար չափ է, որով դատարանին հնարավորություն է տրվում ավելի մեծ ամպլիտուդով գործել»,- նկատեց Սիմոնյանը:
Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը հայտնեց, որ միջազգային պրակտիկայում նման բարձր փոխհատուցումները ԶԼՄ-ներին ստիպում են լիարժեք չիրականացնել խոսքի ազատության գործառույթը և կառավարության անունից առաջարկեց փոխհատուցումները սահմանել համապատասխանաբար 2 մլն դրամը և 3 մլն դրամը:
«Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, կառավարության ներկայացուցչին կոչ եմ անում գիտակցել իրավիճակը, և ընդունել, որ թավշյա վերաբերմունքն ընդհանրապես այլևս ընդունելի չէ: Երբ հարց է հնչում, թե արդյոք կա վիճակագրություն, ապա կառավարության ներկայացուցիչը նույնիսկ չի էլ հիշում, որ կառավարության ղեկավարը՝ նկատի ունեմ այս պարագայում Տիգրան Ավինյանին՝ ղեկավարներից մեկին, հայց է ներկայացրել դատարան և հաղթել է»,-արդարադատության նախարարի տեղակալին հակադարձեց Ալեն ՍԻմոնյանը:
Վահե Դանիելյանը հայտնեց, որ Տիգրան Ավինյանի գործին դետալային է տիրապետում է և դրա հանգամանքներն այլ են եղել և կրկին պնդեց, որ փոխհատուցման բարձր չափերը խնդիրները չեն լուծելու:
Հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց կառավարության առաջարկը և ընդունեց Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագիծը՝ նաև սահմանելով նախագիծն արագացված ռեժիմով ընդունելու տարբերակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան