ՄԻՊ. Քննարկվել է Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։
Հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։ Արման Թաթոյանը շեշտել է, որ սահմաններին առնչվող գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի, ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության պետական քաղաքականության պայմաններում:
Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչը լրջորեն վտանգում է բնակիչների կյանքի իրավունքն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը: Բնակիչների իրավունքների տեսանկյունից սադրանքներ ու անհանգստություն են առաջացրել ադրբեջանական զինվորականների, ցուցանակների ու դրոշների առկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Առկա են նաև սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Սյունիքի անվտանգության երաշխավորը Նիկոլ Փաշինյանի Հայաստանը չէ ամենևին
- «Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը». ANCA-ն դիմել է ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին
- Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում ՀՀ անվտանգությունը. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները