Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
«Ես հիմա համաձայն չեմ մեր այս պարտվողական վիճակին: Ես հիմա գործ եմ անում, մտածում եմ՝ ինչպես օգնել Սյունիքին, որպեսզի հոգեպես ամրանա, ինչ անել արցախցիներին գոտեպնդելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը:
Նա ընդգծում է՝ պարտված իշխանությունը պետք է հեռանա, միայն արժանապատվություն չունեցող մարդը, երբ պարտվում է, շարունակում է կառչած մնալ՝ թե մարզադաշտում իր դաշտին, թե արվեստում՝ բեմին, թե քաղաքականությունում՝ աթոռին: Մաեստորն վստահ է՝ պատված իշխանությունը կհեռանա, սակայն հարց է՝ ե՞րբ:
«Ինձ թվում է, որ վարչապետի աթոռը զբաղեցրած գլխավոր դերակատարը ոչ թե դավաճան է, այլ թշնամի: Դավաճանը դավաճանում է իր հայրենիքը ու վերջացնում, այստեղ միտումով թշնամություն է գնում»,- ասում է Տիգրան Հեքեքյանը:
Նա նշում է, որ եթե այս իշխանությունն ընտրություն անի, դատապարտված ենք ևս 5 տարով. «Բացառում եմ»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր 17 ուժերի քայլերին, մաեստորն ասում է, որ սխալ պայքար են վարում, որևէ մեկից գաղափարախոսություն չի լսում. «Սխալ ճանապարհով են գնում, հին տեխնոլոգիաներով, կամ փորձում են սրանց տեխնոլոգիան ընդօրինակել, բայց դա իրենցը չի: Որևէ մեկը չի ասում՝ կոնկրետ մենք ուզում ենք գնալ այս ուղղությամբ:
Առաջարկել են վարչապետի թեկնածու: Բայց ունե՞նք մենք ստվերային կառավարություն: Ասենք՝ ուզում են մեկ տարով Վազգեն Մանուկյանը դառնա վարչապետ, բայց ո՞վ է լինելու իր կրթության, պաշտպանության, էկոնոմիկայի նախարարները: Կամ ի՞նչ տեսլական է տեսնում»:
Նա նշում է՝ որպեսզի ժողովուրդը ճիշտ ընտրություն անի, պետք է կրթված լինի:
«Այսօր մեզ ոչ ոք չի հարգում, մեր մշակույթը որևէ կերպ դուրս չենք հանում»,- ցավով նկատում է Տիգրան Հեքեքյանը:
Այդուհանդերձ, ըստ նրա, վիճակն անելանելի չէ. «Հասկանում եմ, որ պետք է անպայման լինի ժամանակավոր մի կառույց, որի մեջ լինեն հայրենասեր մարդիկ, աշխատեն վեց ամսով, դրանից հետ որևէ մեկը չլինի իշխանության մեջ: Ստեղծեն մի մոդել, որի համար կամ անիծենք իրենց ևս մի 4 տարի, կամ ամբողջ կյանքում ու մեր սերունդները կասեն՝ ապրեն այդ մի խումբ անձինք, որոնք եկան, սարքեցին մի մոդել, որ մյուս իշխանություններն էլ չկարողանան դառնալ ոչ սրիկա, ոչ դավաճան, ոչ խաբեբա»:
Նա նշում է, որ հայ ժողովուրդը շատ բանի միջով է անցել, բայց պինդ ժողովուրդ է, շարունակում է ապրել այս հողի վրա:
«Հայ ժողովուրդն ունի ապրելու իրավունք, չի կարելի այսպես շահագործել ժողովրդին: Պետք է կրթել, մշակութապես զարգացնել: Ուղղակի համախմբվել չենք սիրում, բայց պետք է համախմբվել ու հասկանալ, թե երկիրը ոնց ենք այս վիճակից հանում:
Չպետք է քնենք, չպետք է հանձնվենք: Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք»,- ասում է մաեստրո Տիգրան Հեքեքյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան