Հաշմանդամ երեխա խնամած 600 կենսաթոշակառուից միայն150-ը կստանան հավելավճարներ. Դավիթ Խաչատրյան
«Կենսաթոշակառուն, որը խնամել է հաշմանդամ երեխա և մինչ այս ստանում էր 31 հազար դրամ թոշակ, օրենքի փոփոխությունից հետո կստանա մոտ 42 հազար դրամ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով հանրային քննարկման դրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ գործող օրենքով հաշմանդամ երեխայի խնամակալության համար մինչև 10 տարին էր հավելվում ծնողի աշխատանքային ստաժին, իսկ առաջարկվող փոփոխություններով մինչև հաշմանդամ երեխայի չափահաս դառնալը՝ 18 տարին կհաշվարկվի ծնողի կենսաթոշակի չափի մեջ:
Նա հավաստիացրեց, որ օրենքի ընդունումից հետո, այն թոշակառուները, որոնք մինչև 18 տարին լրանալը խնամել են հաշմանդամ երեխա, կարող են դիմել և նրանց թոշակները կվերահաշվարկվեն՝ ավելացնելով մինչև 11 հազար դրամ:
Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հաշմանդամ երեխա խնամած 600 թոշակառու կա, բայց փոփոխությունը կանդրադառնա միայն 150-ի վրա, քանի որ մնացածը հաշմանդամ երեխաներին խնամել են մինչև 10 տարի ժամկետով:
Ներկայացնելով օրենսդրական փոփոխության մյուս դրույթը՝ փոխնախարարը նկատեց, որ գործող կարգով 12 ամիսը մեկ անհրաժեշտություն կա, որպեսզի կենսաթոշակառուն ներկայանա բանկ և ճշտվի նրա՝ Հայաստանում գտնվելու փաստը։
«Մեր բարեփոխումների նպատակն է, որ բանկ ներկայանալու դրույթը դուրս գա 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև 90 և ավելի տարիքի կենշաթոշակառուների համար»,- հայտարարեց փոխնախարարը և հավելեց, որ թոշակառուների իդենտիֆիկացումը կկատարվի սոցիալական աշխատողների տնայցերի միջոցով:
Բանախոսը օրենսդրական փոփոխության նախաձեռնումը հիմնավորեց նրանով, որ նախարարն իրենց առաջ խնդիր է դրել իրականացնել ռեֆորմներ, և թեկուզ փոքր միջոցներով, բայց հասնել կյանքի որակի որոշակի բարելավման:
Փոխնախարաը չկարողացավ հստակ պատասխանել հարցին, թե ինչ է սպասվում այն քաղաքացիներին, որոնց թոշակի անցնելու տարիքը լրացել է, բայց սահմանները փակ լինելու պատճառով չեն կարողացել գալ Հայաստան:
Դավիթ Խաչատրյանը հավաստիացրեց, որ առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես կգա այդ խնդրի համալիր լուծմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները