Հանրագրերի ինստիտուտը գրեթե չի աշխատում, հանրագրեր գրեթե չեն ներկայացվում. Արդարադատության փոխնախարար
«Մի քանի տարի է, ինչ գործում է այս օրենքը և, ցավոք, պետք է նշել, որ հանրագրերի ինստիտուտը գրեթե չի աշխատում, հանրագրեր գրեթե չեն ներկայացվում»,- Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով «Հանրագրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նշեց, որ նախագծով հեշտացվում են հանրագրեր ներկայացնելու ընթացակարգերը՝ հույս ունենալով, որ դրանից հետո ինստիտուտը կսկսի գործել:
Դանիելյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել իրավական խնդիրներ, որոնք պայմանավորված են հարթակի միջոցով հրապարակվող հանրագրերի առանձնահատկությունների հետ, ինչով էլ պայմանավորված է օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը:
Ըստ փոխնախարարի՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել «կոլեկտիվ հանրագիր» հասկացությունը՝ նրա մեջ ներառելով նաև այն հանրագրերը, որոնք ներկայացվել են էլեկտրոնային հարթակում և որին միացել են մեկ կամ ավելի անձինք:
Նա հայտնեց, որ նախագծով սահմանվել է՝ հանրագրի հեղինակները կարող են իրացնել նաև այն չհրապարակելու իրենց իրավունքը, հստակեցվել է հանրագրի վերադարձման կարգը:
Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ նախագծում առաջինից երկրորդ ընթերցում միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ են տեղի ունեցել:
Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին օրենքի նախագիծը: