«Չսեր»՝ հոգեբանական դրամա ռուսական դրամատիկական թատրոնի բեմում
Մարտի 20-ին և 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Չսեր» հոգեբանական դրաման՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի (բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը՝ Մարինե Մարինոսյանի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: Այս մասին հայտնում է Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը:
Սա պատմություն է կոտրված հույսերի, զուր պատրանքների ու ցանկությունների, մարդկային բեկված ճակատագրերի ու սիրո պակասի մասին: Եվ եթե այս սարսափելի իրականության մեջ ինչ-որ մի նոր սիրո հույս է հայտնվում, գուցե տարօրինակ թվացող, բայց սիրո, այդ հույսն ու սերը սպանում են դաժանությամբ ու ատելությամբ:
Ներկայացման մեջ ներգրավված են Լիլյա Մուկուչյանը, Արմեն Արնաուտովը, ՀՀ վաստ․արտիստ Աննա Բալանդինան, Գոռ Համբարձումյանը, Մանվել Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Ելենա Վարդանյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մարիամ Մանոն, Հայարփի Զուռնաչյանը, Թեհմինե Խաչատրյանը, Յուլյա Ժդանովան, Մելսիդա Հակոբյանը, Գրիգոր Խոջոյանը։
Ներկայացման բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:
Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար:
Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող, սցենարիստ ու լրագրող էր: 1982 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալով՝ նա դարձավ առաջին կոլումբիացին, ով ստացել էր այդ մրցանակը: Մարկեսին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը։
2014 թվականին Մարկեսը հեռացավ կյանքից, սակայն նրա ստեղծագործություններն ու իմաստուն մտքերը առ այսօր շարունակում են ձեռքից ձեռք անցնել և գրավել նորանոր ընթերցողների սրտեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները