Քննարկվել են պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման հնարավորությունները
Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Քննարկվել է պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման հնարավորություններին և սոցիալական տարբեր արտոնություններից օգտվելու մեխանիզմներին առնչվող հարցերին:
Հարությունյանը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ քննարկված ծրագրերի պատշաճ ու արագ իրականացման, այդ թվում՝ բուժհիմնարկների պայմանների բարելավման ու վիրավոր քաղաքացիների փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: